Իրաքից ստացվող տեղեկատվության համաձայն՝ վերջին 24 ժամերի ընթացքում «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությանը լրջագույն հարվածներ են հասցվել երկրի գրեթե բոլոր ճակատներում՝ հյուսիսում Մոսուլից, մինչև արևմուտք՝ ալ-Անբար և արևելք՝ Դիյալա:
Կառույցի դեմ միաժամանակյա գործողություններ են իրականացրել իրաքյան կառավարական ուժերը, սուննիական ցեղերի և քրդական զինված ստորաբաժանումները. բացի կառույցին հասցված նյութատեխնիկական զգալի վնասից, ԻՊ-ի մարդկային կորուստների թիվը գերազանցել է 300-ը:
Նշվում է նաև, որ վերջնական նախապատրաստություններ են ձեռնարկվում Իրաքի՝ մեծությամբ եկրկրորդ քաղաքի՝ Մոսուլի դեմ վճռորոշ գրոհ կազմակերպելու նպատակով:
Եթե ԻՊ-ի դեմ ցամաքային գործողությունները նման համաձայնեցված բնույթ կրեն և, իհարկե, նույնքան համակարգված լինեն միջազգային ռազմական կոալիցիայի կողմից իրականացվող օդային հարվածների հետ, ապա, անշուշտ, կառույցի դեմ պայքարում արձանագրվող հաջողություններն ավելի շոշափելի կլինեն:
Իսկ վերջինն էլ, անշուշտ, պայամանվորված է արտաքին խաղացողների կարճաժամկետ ծրագրերից, որոնք առայժմ կարծես թե խոսում են ԻՊ-ի դիրքերը որոշակիորեն սասանելու մարտավարության մասին:
Արմեն Պետրոսյան