Պատերազմն ի՞նչ բան է: Երեխա էինք, կռիվ-կռիվ էինք խաղում, լսում էինք տարեցների պատմությունները, գրքեր էինք կարդում, ֆիլմեր էինք դիտում: Ուրիշ պատերազմ մեզ համար չկար:
Դպրոցում շարադրության մրցույթում հաղթեցի, ինձ Վոլգորադի ճամբարի ուղեգրով պարգևատրեցին: Ճամբար ասվածը հեքիաթային մի վայրում էր' քաղաքից դուրս, անտառի մեջ, լճակների ափին: Ամեն ինչ նոր էր ու անսովոր: Այստեղ իմացա, որ գետը ոչ միայն մեր գյուղի կողքով անցնող ցամաք վտակն էր, այլև Վոլգայի պես անեզր մի տարածություն, որի կղզիների վրա մեր ամբողջ գյուղը կարելի էր տեղավորել:

 

 

Իմացա, որ հուշարձանը կարող է 85 մետր բարձրություն ունենալ, առաջին անգամ նավ նստեցի…
Մի անգամ էլ հերթական զբոսանքից վերադարձել, սենյակում փոխվում էինք ու պատրաստվում էինք ճաշի գնալ: Եվ հենց այդ պահին պատուհանի տակ ուժգին պայթյուն որոտաց: Բոլորս սարսափած դուրս նետվեցինք: Այն, ինչ տեսանք' ահավոր էր: Պարզվեց, երեխաներից մեկը անտառում պատերազմի ժամանակներից մնացած նռնակ էր գտել: Փոքրիկը չէր հասկացել, թե դա ինչ բան է: Բերել էր լվացարանի մոտ, որ մաքրի-լվանա: Ու հենց ձեռքի մեջ էլ պայթել էր…

 


Մի քանի ժամ անց ճամբարը լցվեց զինվորականներով ու սակրավորներով: Ճամբարի պետին ձերբակալեցին ու տարան: Մեզ ասացին, որ այլևս մնալ չենք կարող, տեղափոխեցին հյուրանոց, իսկ առավոտյան ինքնաթիռով վերադարձանք Հայաստան: Ահա այսպես առաջին անգամ ես տեսա պատերազմի դեմքը:

 

 

Հովիկ Չարխչյան