Ցավում եմ, բայց Հայաստանի իշխանությունը կարծես թե չի ընկալում, որ շարունակել այնպես ղեկավարել երկիրը, ինչպես դա արվում էր նախքան ապրիլյան պատերազմը, այլևս հնարավոր չէ: Այլևս հնարավոր չէ իրերը ներկայացնել եթե ոչ գլխիվայր շրջված, ապա գոնե թերասացությամբ ու կիսաճշմարտությամբ: Եթե երկրի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ դեռևս հեռու է 2008-09 նախաճգնաժամային մակարդակից, ապա դրոշ սարքել որևէ ամսվա եկամուտների աճը նախորդ տարվա համեմատ' ճիշտ չէ: Դրանով կարելի է խաբել ոմանց, գուցե և շատերին, բայց միշտ այդպես չի ստացվի: Եթե թշնամուն զիջված տարածքը շատ ավելի շատ է, քան ներակայացնում է թիվ մեկ պաշտոնյան, ապա դա սխալ է, քանի որ վաղ թե ուշ կեղծիքը բացահայտվելու է:

 

Եթե թիվ երկրորդ պաշտոնյան խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից, ու այդ «պայքարը» կավարտվի դեռ չսկսված' դա ոչ թե սխալ է, այլ հարված երկրի թիկունքին, որովհետև վաղը մարդ չի մնա երկրում, որպեսզի պաշտպանի սահմանները: Իսկ եթե որևէ մեկը կարծում է, թե կարելի է բանակցել Իլհամի հետ, ապա կրկին կստանա (եթե, իհարկե, ստանա) այն 10.000 քառկմ տարածքը, որ 20-րդ դարասկզբին թուրքը որպես ողորմածություն թողել էր մեզ' առնելով այն իր աքցանում:

 

Վախթանգ Սիրադեղյան