Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն օրերս հրապարակել է 25 պետությունների կողմից պատրաստված մի զեկույց, որտեղ մանրամասն տեղեկություններ են հաղորդվում Սիրիայի տարածքում գործող հակակառավարական խմբավորումների շարքերում հանդես եկող զինյալների մասին՝ նշելով նաև նրանց անուններն ու քաղաքացիությունը:
Ըստ ուսումնասիրության՝ ամենից շատ Սիրիայում կռվում են Թունիսի քաղաքացիները (շուրջ 3000 մարդ), աղյուսակում հաջորդը Սաուդյան Արաբիան է (2500 զինյալ), ապա՝ Մարոկոն՝ (1500 զինյալներով): Ավելի քան 800 մարդ մասնակցում է սիրիական հակամարտությանը ՌԴ-ից և հետխորհրդային պետություններից, հաջորդը Ֆրանսիան է. 3.5 տարվա ընթացքում ավելի քան 700 ֆրանսիացիներ են մեկնել Արաբական Հանրապետություն:
Ինչ խոսք, բավական բարդ է գնահատել այսօրինակ զեկույցների արժանահավատության աստիճանն: Ի հակադրություն՝ ոչ վաղ անցյալում մեկ այլ փաստաթուղթ էր դրվել շրջանառության մեջ՝ «Օտարերկրացի զինյալները Սիրիայում և նրանց քաղաքացիությունը» խորագրով, որտեղ նշվում էր, որ ամենամեծաքանակը չեչեններն են՝ շուրջ 14 հազար, որոնցից 3671-ը սպանվել է, 1397-ն՝ անհետ կորել:
Արմեն Պետրոսյան