Ամերիկյան գրականության մեջ լայն տարածում է ստանում “սև հումորի” գրականությունը, որն ըստ էության արդեն հայտնի աբսուրդի գրականության ամերիկյան տարբերակն էր: Այս, ոչ այնքան հստակ արտահայտված ուղղության ներկայացուցիչներ դարձան' Ուիլյամ Բերոուզը, Թոմաս Փինչոնը և Ջոն Բարթը:

 


“Սև հումոր”-ի գրականությանը հարող գրողների համար աշխարհը ներկայանում էր որպես մի կատարյալ քաոս: Նրանց ստեղծագործություններում քարոզվում էր մարդկային գոյության բացարձակ աննպատակայնությունը: Նրանց համար բնութագրականն այն է, որ նրանք ծաղրում են ոչ միայն իրենց համար ստեղծագործական առարկա հանդիսացող ռեալ իրականությունը, այլ նաև այդ իրականության արտացոլման միջոց հանդիսացող արվեստը: Այս դպրոցի ներկայացուցիչների համար հատկանշական են' բուռլեսկը, պարոդիան, գրոտեսքը, ծաղրուծանակը, հեգնանքը, ֆարսը սատիրան, “գիգգին”:

 


Սև հումորիստները կարող էին հարել նաև այլ գրական դպրոցների: Այսպես, օրինակ սև հումորիստ Ուիլյամ Բերոուզին կարելի է համարել “կոտրվածների” գրականության իսկական կնքահայր:

 


Այս ուղղության ամենից նշանավոր հեղինակ Ջոն Բարթն օրինակ սեփական գրականությունն անվանում էր իռեալիստական գրականություն և իրեն նախորդներ ճանաչում քսաներորդ դարի էքսպերիմենտարներ Բեքետին, Բորխեսին ու Նաբուկովին: Բարթի “Տիեզերական վեպ” երկը կառուցված է ծաղրուծանակի հասնող թունոտ հեգնանքի, գրոտեսքի ու պարոդիայի վրա: Հետաքրքրականն այն է, որ այս հեղինակն իր գրականությունն հակադրում է մոդեռնիստական գրականությանը ու արդեն իսկ վեպի էջերում ժխտելով այն' ազդարարում վեպի' որպես գրական ժանր մահվան մասին:

 

 

Նարեկ Գաբրիելյան