Երբ Վլադիոիր Պուտինը, քառամյա ընդմիջումից հետո, վերադարձավ Կրեմլ, եվրասիականությունը դարձրեց իր քաղաքականության հիմնական առանցքը։
Այս իդեայի ոչ անունն և ոչ էլ բովանդակությունը նորություն չեն. փորձ է արվում՝ վերականգնել ռուսական ազդեցությունն առնվազն սովետական կայսրության տարածքում։ Պատկերավոր ասած՝ «Մաքսային միություն», «Եվրասիական միություն» նախագծերն այն քողածածկույթն են, որ կոչված են ապահովելու նոր ԽՍՀՄ–ի ծնունդը։
Կրեմլը հետսովետական էլիտաների ու հասարակությունների վրա ազդում է մի քանի գործոններով։
Հիմնական մահակն՝ էներգոռեսուրսներն են։ Փորձագետները հաշվել են, որ քանի դեռ նավթի համաշխարհային գինը գերազանցում է 60 դոլարը՝ նավթը Կրեմլի համար լուրջ քաղաքական գործոն է՝ նարքաղաքական ու ռեգիոնալ ծրագրեր իրականցնելու համար։ Ըստ այդմ՝ Մոսկվայում ոգևորված չեն Արևմուտքի ու Իրանի հարաբերությունների կարգավորման հեռանկարից, որովհետև դա հանգեցնելու է նավթի համաշխարհային գների անկմանը։


Կրեմլի համար լուրջ դաշնակիցներ են հետխորհրդային երկրների ավտորիտար ռեժիմները, որոնք կաշկանդված են իրենց գործողությունների մեջ ու լավ հասկանում են կոմպրոմատների լեզուն։ Ըստ այդմ՝ «դիկտատորների ակումբ» Կրեմլը պահում է՝ պրագմատիկ հաշվարկներից ելնելով։
Հետխորհրդային տարածքում կան սառեցված հակամարտություններ, որոնց մանիպուլացմամբ՝ Մոսկվան կարողանում է «խմբագրել» Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, ինչու ոչ՝ Ուկրաինայի իշխանությունների քաղաքականությունը։


Նույնը վերաբերում է փակ սահմանների գործոնին։ Օրինակ, Հայաստանն երբեք իրապես անկախ չի լինի ու կախվածություն կունենա Ռուսաստանից, քանի դեռ՝ փակ սահման ունի հարևան երկու երկրների հետ։
Սակայն վերադառնանք Պուտինի եվրասիականությանը, որը նման է վիշապի՝ նստած հետսովետական ժողովուրդների ազատության աղբյուրի ճանապարհին։
Եվրասիականությունը դատարկ հնչյուն է, անիրագործելի գաղափար, եվրոյազուրկ ասիականություն, եթե դրան մաս չի կազմում Ուկրաինան։


Դա է պատճառը, որ բարեկամ երկրում որոշվում է ոչ թե ներքաղաքական, իշխանության, նույնիսկ անջատ վերցրած՝ Ուկրաինայի հեռանկարի, այլ՝ ավելի գլոբալ հարց։
Ուկրաինայի ժողովուրդը՝ գոցե բոլորիս փոխարեն, կռվում է Պուտինի նեոկայսերականության դեմ։
Մայդանում նահատակվածը՝ ընկել է բոլորիս ազատության համար, Մայդանի վրա կրակողը՝ կրակում է բոլորիս ազատ ապրելու իրավունքի դեմ։


Մայդանի հաղթանակը՝ Պուտինի «նոր կայսրության» գերեզմանափորն է։
Արդ, աղոթենք Մայդանի համար…

 

 

Սուրեն Սուրենյանց