Մեր բախտը չբերեց, մեզանից առաջ Անժիկն էր եղել, մեզանից առաջ եղել էր մի հրաշք աղջիկ և դպրոցի ճանապարհը՝ Շենից Դեբեդաշեն, տոն էր եղել մեզանից մեծ տղերքի համար: Մենք նրանցից կուշտ էինք, մեզանից մի քանիսը նույնիսկ վերարկու ունեին, բայց…
Աստված նրանց Անժիկ էր տվել: Եվ նրանք՝ վտիտ, անվերարկու, ձեռքները հերթով Անժիկի գրպանը դրած էին գնում: Պատճառը ցուրտը չէր, նրանց ձեռքերը մեկընդմիշտ սառել էին՝ գարնանը պիտի տաքանային: Պարզապես այդպիսի մարմին, այդքան մատչելի մարմին Շենում չէր եղել: Մարմինը՝ մուշտակից տաք, մուշտակը՝ մարմնից, մուշտակը՝ փաղաքուշ, կանացի, մուշտակով կինը հմայքն ունի էգ գազանի, և մեծ տղերքը գերի էին այդ գազանին:
Ձեռքերը դադար չունեին մուշտակի գրպանում, ձեռքերը տաքանում էին, տաքանալով խլրտում էին իրենցից անկախ, գրպանդ դրած փոքրիկ, մրսած արարածի նման, երախտապարտ քսմսվում էին տաք ու ապավեն մարմնին, և տղերքը աշխարհում ամեն բան մոռանում էին: Տասը տղա, հինգ կիլոմետր ճանապարհ՝ հինգ-վեց ոլորան, ձեռքները փոխնիփոխ Անժիկի գրպանը դրած գնալով՝ ամենքին հասնում էր կես ոլորան… Եվ, իհարկե, նրանք «մարդ չդառան»: Անժիկը չթողեց: Նա ժամանակ չուներ սովորելու և ամեն ամառ վերաքննություն ուներ: Եվ ամեն ամառ վերաքննություն ունեին մեզանից մեծ տղերքը, որովհետև նա ծնվել էր շքախմբով ապրելու համար: Եվ շքախմբից յուրաքանչյուրը, որպեսզի կասկածի տակ չլինի վերաքննության հարցը, որպեսզի տարեվերջին ուսուցիչները խղճի խայթ չզգան՝ դրական չնշանակեն,- դասերին օրումեջ էին նստում կամ շաբաթը երկու անգամ: Անժիկից առաջ էլ մի բան չէին մեզանից մեծ տղերքը, բայց նրա գալով՝ ուսման հետ լրիվ թշնամացան: Նրանք քուն էին մտնում՝ մտածելով, որ Անժիկին դպրոց են տանելու, դասերին մտածում էին, որ նրան տուն են տանելու… և չգիտեին,
ի ՜նչ իմանային, որ նրան՝ կոկ ու կանացի, կարճփեշ-տաք-մատչելի, իրենց իղձերի միջով, տղայական սարսուռների միջով ընծա և զոհ են տանում չափահաս տղամարդկանց:
Ամբողջությամբ կարդացեք ԱՆԴԻՆ ամսագրի 12-րդ համարում