Թուրքիան լուրջ մեղադրանքներ է ներկայացնում Իրանին: Թուրքիայի մեղադրանքները գնալով ուժգնանում են, և դրանք արդեն շարունակական բնույթ են կրում: Թուրքական մամուլում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ իրանական հետախուզությունն ակտիվ աշխատում է ՔԲԿ-ի հետ, և Թեհրանի նպատակը թուրք-քրդական հաշտեցման գործընթացը ձախողելն է: Թուրքական մամուլը հայտնում է, որ մեկ տարվա մեջ Հյուսիսային Իրաքում ՔԲԿ ղեկավարության հետ իրանական ռազմական-հետախուզական ոլորտի ներկայացուցիչներն ունեցել են 6 հանդիպում և Թեհրանի նպատակը Թուրքիայի դեմ գործելն է: Ըստ մամուլի՝ Թեհրանի սաբոտաժն ընդդեմ Թուրքիայի բացահայտվել է մի միջադեպի պատճառով: Վերջերս Հյուսիսային Իրաքում՝ Քանդիլում, կայացած հանդիպումներից վերադառնալիս վթարի է ենթարկվել իրանական զինվորականների ու հետախուզության ներկայացուցիչների մեքենան, որի վերաբերյալ պաշտոնական Թեհրանի կողմից հայտարարություն չի եղել: Թուրքական տեղեկատվական դաշտում վերջին շրջանում ակտիվացել են Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները՝ ՔԲԿ-ին աջակցելու և թուրք-քրդական հաշտեցման գործընթացը ձախողելու քայլերի ու մտադրության վերաբերյալ: Սրանից առաջ էլ թուրքական մամուլում շրջանառվում էր, որ թուրք-քրդական հաշտեցման գործընթացնն սկսելուց հետո Իրանն անցել է գործի՝ դրա խափանման համար, իսկ ողջ 90-ական թվականներին ակտիվորեն աջակցել ՔԲԿ-ին: