Հարևան Ադրբեջանում քաղաքական իրադարձությունները զարգանում են տվյալ երկրի քաղաքական համակարգի զարգացումների տրամաբանությանը հակառակ:
Ադրբեջանի իշխանամետ DADP կուսակցությունը աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել է Իլհամ Ալիևի տիկնոջը՝ Մեհրիբան Ալիեւային:
Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխող ՛՛Ենի Ադրբեջան՛՛ կուսակցությունն արդեն իսկ առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունը, հետաքրքրությունն այդ երկրի նկատմամբ քառապատկվում է:
Թե ինչ են մտածել ամուսինները՝ առաջադրելով իրենց թեկնածությունը, պարզ կլինի առաջիկայում, բայց որ նման ժեստով հետաքրքիր ինտրիգ է ստեղծվում Ադրբեջանում՝ միանշանակ է:
Մի բան ակնհայտ է. եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ Իլհամ Ալիևը, միջազգային հանրության ճնշումներին տեղի տալով կամ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, վերջին պահին հանի իր թեկնածությունը, և Ադրբեջանի նախագահ հռչակվի վերջինիս տիկինը, մեր տարածաշրջանում կտրուկ կփոխվի իրավիճակը՝ բոլոր հետևանքներով հանդերձ:
Չեմ բացառում նույնիսկ, որ միջազգային հանրության ընկալումը արմատապես կփոխվի այդ երկրի նկատմամբ, կամ պատկերավոր ասված՝ նախագահ տիկնոջ գեղեցիկ դեմքը քիչ թե շատ կփրկի այդ երկրի իրական դեմքը՝ իհարկե որոշ ժամանակով…
Կապրենք՝ կտեսնենք…