-Գուրգեն, գիտեմ, որ Արթուր Գրիգորյանի հետ ձեր առաջին հանդիպումը մեծ ազդեցություն է ունեցել քո՝ դերասանի մասնագիտություն ընտրելու վրա: Կպատմե՞ք, թե ինչպես հանդիպեցիք նրան։

-Արթուր Գրիգորյանի հետ հանդիպեցի Սուրենավան գյուղում: Այդ ժամանակ ես 20 տարեկան էի: Սուրենավանում միրգ էի վաճառում: Գրիգորիչն էլ Ղարաբաղից էր գալիս, կանգնեց, որ ձմերուկ գնի: Այնպես ստացվեց, որ գրեթե ամբողջ գիշեր մնաց մեզ մոտ, երկար զրուցեցինք: Ես նրան հետաքրքրել էի. բավականին աշխույժ էի: Հետո, երբ արդեն պիտի գար Երևան, հարցրեց, թե ինչու չեմ գնում այնտեղ՝ սովորելու, ասացի՝ բա իմ գործերը ո՞վ անի, ասաց՝ չէ՛, արի՛, դու շնորհքով երեխա ես: Հետո ես սկսեցի մտածել՝ կարո՞ղ է նա ճիշտ է ասում ու իրոք շնորհքով եմ:

-Իսկ մինչ այդ, առհասարակ որևէ կերպ շնորհքդ արտահայտվե՞լ էր, օրինակ՝ թեկուզ դպրոցում՝ ինչ- որ ներկայացումներում չէիք խաղո՞ւմ:

- Շատ եմ խաղացել, մեր գյուղի ակումբում էլ, անգամ այն ժամանակ ճամբարներ էինք պատրաստում տարբեր թղթերից, տարբեր ներկայացումներից հատվածներ էինք խաղում, անգամ KBH-ի խմբում էի ընդգրկված՝ չնայած դա ավելի փոքրիկ՝ մարզային թիմ էր: Հետո այդ թիմով ահագին առաջ գնացինք՝ դարձյալ գյուղի ու մարզի մասշտաբով, այսինքն՝ ամեն դեպքում ցեց կար մեջս:

-Իսկ եթե «ցեցը» կար, ի՞նչն էր պատճառը, որ մինչև Արթուր Գրիգորյանին հանդիպելը չէիր մտածել դերասան դառնալու մասին:

- Այն ժամանակ մարդիկ մի կերպ ապրում էին, խառը ժամանակներ էին, կարևորը աշխատելն էր, ո՞վ էր մտածում սովորելու մասին: Իսկ դերասանների վիճակն այն ժամանակ նույնիսկ ավելի վատ էր, քան հիմա, ուստի մտածում էինք՝ ինչի համար սովորել: Գրիգորիչի հետ հանդիպումից անցավ մոտ մեկ տարի. ոչինչ էլ չէի արել: Հետո մի օր հեռուստացույց նայելիս տեսա նրան, էլի հիշեցի նրա խոսքերն ու որոշում կայացրի, որ պիտի փորձեմ ընդունվել Թատերական ինստիտուտ, եկա Գրիգորիչի մոտ:

-Հիշե՞ց

- Սկզբից՝ չէ, հետո, երբ հիշեցրի, շատ ջերմ ընդունեց, ինձ հետ մարդ ուղարկեց Թատերական ինստիտուտ: Հետո ես սկսեցի մենակ պարապել ու ընդունվեցի:

-Հիմա խաղում եք երեք թատրոններում, բայց առաջ սերիալներում էիք խաղում: Այլևս դրանցում չեք ընդգրկվելո՞ւ:

-Չէ՛, էլ չեմ ընդգրկվելու, բավական է, էլ ցանկություն չունեմ:

-Ձեր սերիալային կերպարներից առանձնանում է աուտիկ հիվանդ Գուգոյի կերպարը: Ի՞նչ տվեց քեզ այդ կերպարը:

-Ինձ ուղղակի համոզվածություն տվեց, որ այդ կերպարն էլ կարող եմ կերտել: Կերպարը սերիալի ընթացքում մի քիչ շատ մանրացավ, բայց միևնույն է, լավ կերպար էր, ինչ- որ տեղ անգամ գուցե ափսոսում եմ, որ նա սերիալային կերպար է, բայց մյուս կողմից էլ մտածում եմ, որ Հայաստանում կինոարտադրությունն այնքան զարգացած չէ, որ շատ ֆիլմեր նկարահանվեն ու մտածեմ՝ մի ֆիլմի հերոս կդառնար:

- Իսկ թատրոնում որ ժանրն է ձեզ համար ավելի հոգեհարազատ. Կատակերգությունը, թե՞ ողբերգությունը:

-Կատակերգությունը, որովհետև ես սիրում եմ մարդկանց ուրախ տեսնել, ինքս ուրախացնել:

-Օրերս «Գոյ » Թատրոնում տեղի ունեցավ «Դեկորներ» ներկայացման պրեմիերան, որի հերոսները ազատություն ունեցող, բայց դարձյալ ազատության ձգտող կերպարներ էին:

- Նրանք ոչնչից չբավարարվող կերպարներ են, նրանք ունեն կամ ստանում են այն ամենն, ինչ ուզում են, այդ թվում՝ ազատություն, բայց միևնույն է՝ դա նրանց համար քիչ է. մարդն իր էությամբ այդպիսին է: Եթե դու մարդուն շատ ես բարձրացնում, նա ինքն իր գլուխն է ուտում:

- «Դեկորներ»-ն, ի վերջո, հանգուցալուծվում է մի գաղափարով, որ յուրաքանչյուր մարդ իր հոգում պիտի փնտրի ճշմարտությունը, ազատությունը, հոգեկան բավարարվածությունը: Ներկայացման մեջ պատահական չէր նաև կնոջ առկայությունը, ով խանգարում էր փնտրել և գտնել այդ արժեքները: Իսկ որքանով է նպաստում կինը դրանք գտնելու հարցում:

-Գիտեք, եթե տղամարդը չի գիտակցում թե ինչ է կինը, ապա այդ կինը կարող է խանգարել:

- Իսկ դուք կարողանո՞ւմ եք կառչել մարդու ունեցած քիչ դրական հատկանիշներից ու վեր բարձրացնել նրան, որ նա «չխանգարի»:

-Իհարկե, կարողանում եմ ու բոլորին խորհուրդ եմ տալիս: Իմ կյանքում էլ են շատ վատ իրադարձություններ եղել, ու եթե ես այսպիսին չլինեի, ապա հաստատ հիմա ամեն ինչ շատ ավելի վատ կլիներ: Եթե վատի մեջ լավն ես տեսնում, ապա ամեն ինչ շատ ավելի լավ է լինում քեզ համար, իսկ եթե անգամ լավի մեջ ես փնտրում վատը....

-Ընտանիք, երեք թատրոն... արդյունքում տուժում է ընտանիքը, աշխատանքը, թե՞ Գուրգեն Սարգսյան մարդը:

-Միանշանակ տուժում եմ ես, մեկ էլ երևի կինս՝ մի քիչ:

Արաքս Մամուլյան