Վերլուծելով և համադրելով ամենատարբեր և հրապարակային տիրույթում առկա փաստեր, իրողություններ և հանգամանքներ' այլևս անկասկած է, որ Հայաստանում գործում է թուրքական գործակալական ցանց։ Ընդ որում' ըստ այդ եզրակացության' ցանցը ստեղծվել է ամենատարբեր ժամանակներում և Թուրքական Հանրապետության պետական մարմինների' հատկապես հատուկ ծառայությունների կողմից այս կամ այն կերպ հավաքագրվել են հանրային ազդեցություն ունեցող կամ այդ պահին դեռևս ունենալիք, բայց կարիերայի և հանրային ազդեցության առումով հեռանկարային անձինք։ Երբեմն' իրենց իսկ հստակ գիտությամբ, իսկ երբեմն էլ' ամենայն հավանականությամբ' անգիտությամբ, կամ նաև շանտաժով։

Այսօր, կարելի է ենթադրել, որ այդ մարդկանց մի մասն իրոք տիրապետում է հանրային լայն լծակների, իսկ ոմանք' նաև հստակ և ուժեղ իշխանական լծակների։ Եվ ոչ միայն։

Անհավատալի է, բայց գոնե մեզ համար' կասկածից վեր է, որ թուրքական հատուկ ծառայությունները երկարատև աշխատանք են տարել Հայաստանում և ստեղծել ազդեցիկ ու ծավալուն գործակալական ցանց, որ չի գործել մեր հայրենակիցների ուղեղներում Ջեյմս Բոնդի կամ Ռիխարդ Զորգեի հայտնի մեթոդներով կամ տիրույթում, չի զբաղվել դասական և հին մոդելի լրտեսությամբ այլ դարձել է թուրքական և հետևաբար նաև' ադրբեջանական ազգային-պետական շահերի սպասարկու, լոբբիստ և թուրքական քաղաքականության ներդնող։

Այդ մարդիկ շատ իրական են, հաճախ շատ հայրենասեր են թվում, հաճախ և հատկապես առավել քան հաճախ' «իրատես», «պրագմատիկ», «սթափ», «հակաոչմիթիզհողական», «հակածայրահեղական» և հատկապես «խաղաղասեր»։

Այդ ցանցերի հետ կամ դրանց զուգահեռ' ամենայն հավանականությամբ գործել են և գործում են աղանդավորական կառույցները, առանձին հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ և իշխանական ու ուժային' այդ թվում և բանակային լայն շրջանակներ։

Սա ազգային ողբերգություն է, որին շատերս չենք հավատում և ցավոք' չենք հավատալու, բայց որը, իրավիճակը և փաստերը վերլուծողների համար այլևս հստակորեն անհերքելի է դառնում։