Այսօր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցով ԱՄՆ Պետքարտուղարության համակարգող Դենիել Ֆրիդը հայտարարել է, որ Մոսկվան ցանկություն ունի Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակը լուծել դիվանագիտական ճանապարհով և հույս է հայտնել, որ Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները կարող են վերացվել արդեն այս տարի:
Եթե հաշվի առնենք աշխարհում ծավալվող ներկա իրավիճակը և Ռուսաստան-Արևմուտք հակասությունները, ապա ԱՄՆ-ի այս քայլը կարելի է շատ կառուցողական համարել: Պետք է ընդունել, որ սա յուրահատուկ մեսիջ էր' ուղղված Ռուսաստանին:

 


Սակայն պետք է նշել, որ ԱՄՆ-ի այս հայտարարությունը ռուս-ամերիկյան վատթար վիճակում գտնվող հարաբերություններում առաջին դրական քայլը չէ: Առաջինը կարելի է համարել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանում Օբամայի և Պուտինի միջև տեղի ունեցած գաղտնի պայմանավորվածությունը, որից հետո Ռուսաստանը սկսեց իր գործողությունները Սիրիայում: Այս իրադարձությունը և ընդհանուր թշնամու (ԻԳԻԼ) առկայությունը նախանշեցին ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա հսկա սառույցի հալոցքի սկիզբը:

 


Իսկ Պետքարտուղարության վերջին հայտարարությունն էլ եկավ ամբողջացնելու այն կարծիքը, որ Ուկրաինայի արևելքի հարցում էլ կա Ռուսաստանի հետ տեսակետների մոտարկում: (Հետաքրքրական է, որ սեպտեմբերի 29-ին Նյու-Յորքում տեղի ունեցած Պուտին-Օբամա հանդիպման հետ կապված, կարծիքներ հնչեցին, որ կողմերի միջև տեղի է ունեցել Սիրիայի և Ուկրաինայի «փոխանակում»: Այսինքն, կողմերը պայմանավորվել են, որ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չի հակադարձում ռուսական ներկայությանը Սիրիայում, իսկ դրան ի պատասխան Ռուսաստանը թույլ է տալիս, որ Ուկրաինայի արևելքը անցնի Կիևի հսկողության տակ):

 


Այս ամբողջ պատմության մեջ մի հետաքրքիր իրողություն ևս կա: Ինչպես գիտենք արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ սկսեցին կիրառվել 3 փուլով: Նախ, երբ Ռուսաստանին միացավ Ղրիմը, ապա, երբ Ռուսաստանին մեղադրեցին Բոինգ 777-ին հարվածելու մեջ, և ի վերջո միայն' Դոնբասի և Լուգանսկի դեպքերի հետ կապված: Սակայն ի՞նչ է ստացվում հիմա. Ղրիմը Ռուսաստանի կազմում է, Բոինգի կործանման պատճառները դեռևս պարզ չեն, սակայն ԱՄՆ հայտարարում է, որ այս տարի կարող են վերացվել պատժամիջոցները: Սրանից կարելի է հասկանալ, որ ԱՄՆ-ն էլ է բավականաչափ շահագրգռված պատժամիջոցների վերացումով և պատրաստ է, միայն Ուկրաինայի արևելքի հարցի լուծման ի պատասխան, վերացնել 3 փուլով կիրառված պատժամիջոցները:

 


Այս դեպքում էլ սակայն, մեկ այլ հարց է առաջանում: Ինչու՞ է ԱՄՆ-ն այդքան շահագրգռված ռուսական պատժամիջոցների վերացումով: Եթե խորը դիտարկենք ստեղծված իրավիճակը և հանգամանքները, հասկանալի է դառնում, որ եթե ԱՄՆ-ին մնար, ապա նա շատ երկար կպահպաներ պատժամիջոցները և այդ կերպ կհյուծեր Ռուսաստանին: Բայց չէ որ, ԱՄՆ-ն գտնվում է Ռուսաստանի հետ մեծ տնտեսական և վառելիքային շահեր ունեցող Եվրոպայի մշտական ճնշման տակ, որն օր առաջ ցանկանում է, որ լինի փոխզիջում և հանվեն բոլոր պատժամիջոցները:
Հ.Գ. Կարծում եմ վերոնշյալից լավագույն օրինակ դժվար է բերել, ցույց տալու համար, որ միաբևեռ աշխարհակարգը վերջնականապես կնքել է իր մահկանացուն:

 

 


Հայոց Տուն