Ծիածանափայլ իշխանն ամենաառողջարար ձկնատեսակներից է, որը պարտադիր պետք է ներառել սննդակարգում: «ԱՄՆ սրտի ասոցիացիան» խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն երկու անգամ սննդի մեջ ներառել 100 գ ձկնեղեն՝ խաշած, խորոված կամ գոլորշու վրա պատրաստած:


Օմեգա -3 ճարպաթթուներ
50 գ իշխան ձկան մեջ պարունակվում է մոտ 981 մգ օմեգա-3 ճարպաթթու և DHA կոչվող թթու: Սա ավելին է, քան օրգանիզմի կողմից պահանջվող՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նշած օրական 300-500 մգ-ը:


Սննդի մեջ այդ ճարպերի հաճախակի օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, արյան մեջ խոլեսթերինի բարձր քանակի և քաղցկեղի որոշ տեսակներով հիվանդանալու վտանգը: Այն նաև բարերար ազդեցություն է ունենում՝ կանխելու նյարդաբանական այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են դեմենցիան, դեպրեսիան, երկբևեռ խանգարումն ու Ալցհայմերի հիվանդությունը:


Սպիտակուցներ
100 գ ծիածանափայլ իշխանի մեջ պարունակվում է 21 գ սպիտակուց, ինչը կազմում է չափահաս տղամարդու օրական պահանջի 37տոկոսն ու չափահաս կնոջ պահանջի 46 տոկոսը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր կալորիաների իրենց օրական չափաբաժնի 25 տոկոսը ստանում են սպիտակուցային այնպիսի աղբյուրից, ինչպիսին ձուկն է, ավելի հեշտությամբ են նիհարում, շուտ են հագենում և պահպանում են մկանային զանգվածը: Արդյունքներն ավելի գոհացուցիչ կլինեն, եթե սպիտակուցային սնունդ ընդունելուն զուգահեռ կանոնավոր կերպով զբաղվեն սպորտով:


Վնասակար նյութեր
Այն ձկները, որոնք ունեն մերկուրիի ու պոլիքլորացված բիֆենիլ նյութերի բարձր պարունակություն, կարող են վնաս հասցնել երիկամներին, առաջացնել հոգնածություն, նյարդաբանական խանգարումներ, հատկապես՝ երեխաների ու հղի կանանց (պտղին): Ծիածանափայլ իշխանն ունի մերկուրիի ու պոլիքլորացված բիֆենիլ նյութերի ցածր պարունակություն, նշանակում է՝ շաբաթական երկու անգամ այս ձկան 100 գ օգտագործումն ապահով է և օգտակար:


Ճարպի ցածր պարունակություն
100 գ իշխան ձկան մեջ պարունակվում է ընդհանուր առմամբ 6 գ յուղ, որից 1,4-ը հագեցած ճարպաթթուներն են, 60 մգ-ը՝ խոլեսթերինը: Ըստ Հարվարդի հանրային առողջության դպրոցի ուսումնասիրությունների՝ իշխան ձկան ճարպի պարունակությունը շատ ավելի քիչ է, քան տավարի, խոզի ու ոչխարի մսի մեջ, որոնք հայտնի են խոլեսթերինի ու հագեցած ճարպաթթուների բարձր պարունակությամբ:

 

 


Վրեժ Հովսեփյան