Միանա’նք և աջակցենք մեր սահմանապահներին՝ թե՛ խաղաղ բնակիչներին, թե՛ զինվորներին:
ԱՀԹ երիտասարդների նոր նախաձեռնությունները «Նամակ զինվորին» և «Օգնություն այգեպարցիներին»

Օգոստոսի 17-ին' Ս. Աստվածածնի վերափախման տոնի օրը, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ երկու նախաձեռնություն են իրականացնելու. «Նամակ զինվորին» և «Օգնություն այգեպարցիներին»:

 


Ժամը 18.00-22.00 Կարապի լճի և Հանրապետության հրապարակի տարածքում տեղադրվելու են տաղավարներ, որտեղ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները հավաքելու են ամենատարբեր իրեր՝ հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր, անկողնային պարագաներ, սպասք, կենցաղային այլ ապրանքներ, չփչացող սնունդ և այլն՝ Այգեպարում թշնամու կրակոցներից այրված տների բնակիչների համար: Նրանց արդեն բնակարաններ են հատկացվել, սակայն ուրիշ ոչինչ չունեն և յուրաքանչյուր իր միայն կօգնի դիմակայել փորձությանը:

 


Այդ օրը երիտասարդները անցորդ կանանց ու աղջիկներին կդիմեն նաև սահմանապահ զինվորներին նամակներ գրելու խնդրանքով: «Նամակ զինվորին» նախաձեռնությունն իրականացվում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում:

 


ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության անդամներն արդեն մի խումբ նամակներ են փոխանցել հոսպիտալում բուժվող զինվորներին: Մեր քաջարի զինվորներին երիտասարդների միջոցով նամակներ ու նկարներ էին ուղարկել «Զատիկ» երեխաների խնամքի կենտրոնի և Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 161 մանկապարտեզի սաները: Այս նախաձեռնությանը միացել են «Հայկական լեգեոն» ՀԿ-ի անդամները:

 


Մեր հայրենքի խաղաղության և զինվորների պաշտպանության համար օգոստոսի 8-ին ԱՀԹ Մխչյանի տեղի ունեցավ խաղաղական ժամերգություն և խոկման արարողություն: Համայնքի անդամները միասնաբար աղոթք առաքեցին առ Աստված՝ մեր երկրի խաղաղության, սահմանապահ մեր մարտիկների, վերջին օրերին սահմանին նահատակված մեր զինվորների հոգիների հանգստության համար:

 

Արթուր Հայրապետյան