Արձակուրդի երկրորդ շաբաթվա ընթացքում արձանագրածս՝

 

 

Անկեղծության պակաս, մոլորություն

 

 

Չգիտեմ, թե ինչ քամի է մտել ու դուրս չի գալիս, բայց որ դրա հետևանքով մարդիկ այնքան են սովորել կեղծ լինել ուրիշների հետ, որ ի վերջո դադարել են նաև անկեղծ լինել իրենք իրենց հետ՝ փաստ է: Ու երբ մատնանշում, ավելին՝ ապացուցում ես այդ փաստը, սկսում են համառել ու դիմադրել՝ մոռանալով, որ մոլորության մեջ շարունակ համառելը՝ հիմարություն է /երբ կփորձես համոզել ինքդ քեզ, կհասկանաս, թե ինչքան խղճուկ են ուրիշին համոզելու քո փորձերը/…


Հետևություն- դժբախտը ոչ թե նա է, ով ոչ մեկին դուր չի գալիս, այլ նա, որին ոչ ոք դուր չի գալիս:

 

 

Ներողամտության պակաս, չարություն, ծուլություն

 

 

Միշտ էլ համարել եմ, որ ներողամտությունը ուժեղ մարդու հատկանիշ է, որին հաջողվել է անցնել <սկզբում քեզ անտեսում են, հետո ծաղրում են, հետո ծեծում, հետո դու հաղթում ես> դժվարին և դաժան ճանապարհը: Շատերն են փորձում հաղթահարել այդ ճանապարհը, սակայն քչերին է հաջողվում: Ցավը նա է, որ ձախողածները թևաթափ են լինում և սկսում են լցվել չարությամբ ու ծուլությամբ: Իրենք իրենց սկսում են համոզել, որ միայն Ֆորտունան կույր չէ, այլև նրանք, ում նա երջանկացրել է /իբր դարդերս քիչ էր, հարևանն էլ մեքենա է առել/: Դա էլ բերում է ծուլության, որը վերջնականապես կրծում ու քայքայում է նրանց ձգտումներն ու արժանիքները:

 

 

Հետևություն- Սխալների դեպքում նվնվալու և ծնողներին մեղադրելու փոխարեն, պետք է դրանցից դաս քաղել:

 

 

Հ.Գ. Պետք է հասկանալ, որ սեփական անհույս վիճակը իրականում կարող է ոգևորիչ լինել, ինչն էլ կդրդի անարդարության դեմ պայքարի, այլ ոչ թե նրա հետ համագործակցության:

 

Վահե Ղազարյան