Հակառակ այն հանգամանքին, որ Խորհրդային Միությունն արդեն քսաներեք տարի է, ինչ գոյություն չունի, նորանկախ պետությունների մեծ մասում այդպես էլ իրականում լուծում չստացավ սեփականության և դիզված խոշոր կարողությունների լեգիտիմացման՝ ձեռքբերման օրինականության ճանաչման խնդիրը: Այս հարցն առանձնահատուկ ծանրություն ունի հատկապես Ռուսաստանի համար, ուր Ելցինի, Պուտինի, Մեդվեդևի, ապա կրկին Պուտինի նախագահության տարիների ընթացքում այս խնդիրը սկզբունքորեն լուծելու ձևն այդպես էլ չգտնվեց: Այս պնդումը կարող է տարակուսանք առաջացնել, քանի որ թվում է, թե խնդիրը լուծված է՝ պետություն կոչվածը համաժողովրդական սեփականությանը “օրինականորեն” տիրացած անձանց սեփականության իրավունքի ճանաչման վկայագրեր է տվել ու, այդպիսով, օրինականացման հարցը փակել: Արի ու տես, որ հարցն այդ ճանապարհով փակելը չի ստացվում՝ բոլորին էլ հասկանալի է, որ գույքն ու ֆինանսական միջոցներն անցել են իշխանության ներկայացուցիչների ու նրանց հետ փոխկապակցված անձանց ձեռքը՝ պաշտոնեական դիրքի չարաշահումների ու կոռուպցիոն բնույթի գործողությունների դիմելու շնորհիվ: Այսինքն՝ ապօրինության դիմելու ճանապարհով: Իսկ կատարված այդ ապօրինությունն օրինականացնելու բանաձևն առայժմ կամ չի հաջողվել գտնել, կամ էլ այն դեռ կիրառելի չէ արդի Ռուսաստանի պայմաններում, քանի որ այս նպատակի իրագործմանն ուղղված գործնական քայլերը զուգորդվելու են որոշակի ներքաղաքական ռիսկերի առաջացման հետ: Այս խնդիրն իր լուծումը գտել է միայն երեք Մերձբալթյան հանրապետություններում, շնորհիվ սեփականության իրավունքի ԽՍՀՄ-ի կողմից խախտված ավանդույթի խորհրդանշական վերականգնման՝ այսինքն, շնորհիվ այն բանի, որ խորհրդայնացման ընթացքում իրենց սեփականությունից զրկված հին սեփականատերերին վերադարձրեցին խլված ունեցվածքը: Այս մոտեցումը կիրառելի չէ Ռուսաստանում կամ Ուկրաինայում, Հայաստանում կամ Ղազախստանում: Մինչ ուկրաինական ճգնաժամը կոռուպցիոն կարողությունների օրինականացման խնդիրը մասնակիորեն լուծվում էր դրամը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքից արտահանելու միջոցով, սակայն այժմ բոլոր այդ կապիտալները վտանգված են և կարող են իրենց այսօրվա տերերի ձեռքից գնալ:

 

Արման Մելիքյան