«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ինչ-որ մեկը մնացել է դեռ, որ գլխի չի ընկել, թե ինչու են հազարավոր մարդիկ դժգոհում Հայաստանի դեմ գործողություններով ու հայտարարություններով աչքի ընկած, ընտրությունները մերոնցից ոչ պակաս վարպետությամբ կեղծած բռնակալ Լուկաշենկային շնորհավորելուց, բացատրեմ հնարավորիս կարճ:

Դիվանագիտական լեզվով այդ շնորհավորանքն աջակցություն է նրան, ում շնորհավորում են: Դա հարուցում է մեր դժգոհությունը, երբ հիշում ենք, որ շնորհավորողը ոչ թե Սերժիկի նոմենկլատուրային կաբինետից շարքային մեկն է, այլ նա, որ առաջնորդեց Հայաստանի հեղափոխությունը բռնապետության դեմ, որը ելել էր քաղաքական այլանդակությունների դեմ, ազատ և արդար ընտրությունների համար էր պայքարում 10 տարուց ավելի, բանտեր էր նստում, չէր նահանջում, ու չէր շնորհավորում 2007, 2008, 2012, 2013, 2017 թվերի ընտրակեղծարարներին, որը Մարտի 1 էր տեսել ու շատ լավ պատկերացնում էր գարշելի կառավարման կերպարը: Այդ մարդը վերցնում ու աջակցություն է հայտնում սերժիկից ու ռոբիկից ոչ պակաս բռնապետին: Էլի բարդ եմ բացատրո՞ւմ, թե՞ բոլորդ դիվանագիտության ակադեմիկոս եք, դժգոհողներս էլ՝ տգետ ու տհաս: Կներեք, բայց քաղաքականությունը հարմարվողականություն լինելու հետ մեկտեղ հնարավորի մշակույթ է ուզածին հասնելու համար: Ես չգիտեմ՝ ինչ է ստանալու Հայաստանն էդ աջակցության համար, բայց եթե կա մեկը, որ գիտե, պարզ ասեք հասկանանք, ասենք՝ այ խելացի, այ փայլուն ու պայծառ քայլ արեց, որ աջակցեց Հայաստանի դեմ բազմիցս թշնամական վերաբերմունքով աչքի ընկած բռնակալին:

Էդ շնորհավորանքը կեղծավոր բան էր, երկակի ստանդարտի դրսևորում: Ես չեմ ասում, թե քֆրտել էր պետք կեղծարարության համար, այլ ընդամենը հարկավոր էր համբերատար լինել, մեջտեղ չելնել ու չխայտառակվել ազատությունների համար պայքարողների ու դա հասկացողների առաջ: Չէ մի չէ, ժողովրդավարության միջնաբերդ, լիքը մարդ մեկ օր է չի հասկանում, թե ինչն ստիպեց Նիկոլին այդպես հապշտապ աջակցություն հայտնել սալդաֆոնին, մարդիկ, որ կյանք են դրել Հայաստանում բռնապետական համակարգը քանդելու համար, ապշած են: Էդ վազեվազ շնորհավորանքի հեղինակը չգիտեմ՝ ով է, գուցե սերժիկյան չբարեփոխված ԱԳՆ ինչ-որ մի գիտունիկ դինամիտ, բայց պատասխանատուն ակնհայտորեն Նիկոլն է:

Ցավոք, էդ աջակցությունը եկավ արդարացնելու մեր երկրում եղած բոլոր ընտրակեղծիքներն ու հարակից հանցագործությունները: Հազար ափսոս:

Խնդրում եմ ցածն ինձ դիվանագիտության և քաղաքականության վարպետության դասեր չտալ, ես եթե լսեի էդ դասատուներին, Սերժիկը հիմա Բաղրամյան-26-ում կլիներ, իսկ ես՝ բանտում»: