Հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման ցուցանիշը 2018թ. համեմատ 2019թ. ավելացել է պատկառելի չափով՝ շուրջ 92%-ով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

 

«Դրանում տեսակարար մեծ կշիռ են կազմում այն դեպքերը, երբ պետական տարբեր մարմիններ, լայնորեն կիրառելով իրենց համակարգման կամ ազդեցության ոլորտներում ունեցած վերահսկողական, ստուգման, ուսումնասիրման գործիքակազմերը, հայտնաբերում են իրենց կարծիքով քրեական արարքների հատկանիշներ պարունակող հանգամաներ և դրանք փաստաթղթավորված, գրություններով ներկայացնում դատախազություն, որոնց հիման վրա իրականացվում են լրացուցիչ, առավել համակողմանի ուսումնասիրություններ, նախաձեռնվում են ստուգման գործողություններ, հարուցվում են քրեական վարույթներ:

Այս հարցում, հիրավի, լուրջ համագործակցություն է ծավալվել Դատախազության և պետական մարմինների միջև: Որպես վերոնշյալի փաստարկում՝ ընդամենը երեք օրինակ:

  1. 2019թ. ընթացքում միայն ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել թվով 33 տարբեր ուսումնասիրությունների նյութեր, որոնց կապակցությամբ կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների, ստուգողական գործողությունների կամ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է 31 քրեական գործ: Դրանցից 6-ը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում։
  1. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից 2019թ. ընթացքում ստացվել են իրենց կողմից պետական գույքի պահպանության, վարճակալության և օտարման գործընթացների վերաբերյալ թվով 18 տարբեր ուսումնասիրություններ, այդ ընթացքում նման փաստաթղթերի հիման վրա հարուցվել են 16 քրեական գործ, որոնցից 13-ը՝ միայն ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում:
  1. 2019թ. ընթացքում ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հրապարակված շուրջ 30 հաշվետվություններից ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պահանջվել և ուսումնասիրվել են մեզ համար հետաքրքրություն ներկայացնող 20-ը: Դրանցից 7-ով վարչության և Արմավիրի մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել են քրեական գործեր, իսկ 1-ն ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, այնտեղ քննվող քրեական գործի հետ համատեղ ընթացքը լուծելու համար: Մնացածը հաշվետվությունները ներկայումս գտնվում են ուսումնասիրության փուլում:

Նման գործակցություն է ծավալվել նաև այլ պետական մարմինների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության, Տավուշի, Կոտայքի մարզպետարանների և բազմաթիվ այլ պետական հաստատությունների հետ:

Սա իսկապես մոտիվացնող գործոն է և հավելյալ հնարավորություն է կատարված կամ կատարվող առերևույթ հանցագործության բոլոր դեպքերը բացահայտելու, քրեաիրավական գնահատականներ տալու, պետությանը պատճառված վնասները պազելու և վերականգնելու, ինչպես նաև պատասխանատվության անխուսափելիության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքները կենսագործելու համար»,- գրել է Աբրահամյանը: