Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Գնունու շինանյութի շուկա էի գնացել՝ արտակարգ դրության երկրորդ օրը մարդկանց տրամադրություններին ծանոթանալու:
Աշխատակիցների մեծ մասը ակնկալում է, որ պետությունը փակի այսօրինակ շուկաները՝ գուցե լավ չպատկերացնելով այդպիսի որոշման տնտեսական հետևանքները:
Պարզվեց, որ տնօրինությունը արտակարգ դրություն հայտարարելու օրը տեղեկացրել է արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում շուկան փակելու որոշման մասին: Հաջորդ օրը տնօրինությունը որոշել է բացել շուկան: Մարդիկ մի քիչ վախեցած ու տարակուսած են, բազում հարցադրումներ ունեն իշխանությանը, բայց կարևորը լավատես են: Հարցերը կփոխանցեմ պարետատանը»: