Հայաստանի ու Արցախի պատմության մեջ հավերժ կմնա Մոնթե Մելքոնյանի անունը: Նա մարդկային լավագույն արժեքները մարմնավորած հրամանատար էր, որ գիտեր հավասարի պես վարվել զինվորների, վեհանձն կերպով՝ գերիների հետ: Արցախյան հերոսամարտի նվիրյալն այսօր կդառնար 62 տարեկան։ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում, ցեղասպանությունը վերապրած ընտանիքում 1957 թվականին ծնվեց Մոնթեն: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Մոնթեն ծնողների հետ ճամփորդեց աշխարհի 41 երկրում: Ճամփորդություններից շատ բան սովորեց, բայց նրա կյանքը շրջադարձ ապրեց երկու կարևոր իրադարձությունից հետո, երբ իմացավ իր ով լինելը և այցելեց իր պապերի երկիր:
Մի անգամ ուսուցչուհին նրան հարցրեց՝ ի՞նչ ազգություն ունես: Մոնթեն անմիջապես պատասխանեց, որ ամերիկացի է: Ուսուցչուհին էլ, թե՝ ամերիկացի լինելով՝ պետք է նաև ազգություն ունենաս: Մոնթեն շտապեց տուն և իր ազգային պատկանելության մասին հարցրեց ծնողներին: Հայ էր: Ավելորդ ժամանակ չկար. Մոնթեն սկսեց ծանոթանալ՝ ովքե՞ր են հայերը և որտե՞ղ են ապրել իր պապերը:
Նա այս հարցադրումներով այցելեց պապերի երկիր' այժմյան Թուրքիա: Սկզբում չէր հասկանում, թե ինչու են իրենք այդքան հեռու ապրում հայրենիքից: Հարցի պատասխանը ստացավ հայրենիքի պատմությունն ուսումնասիրելուց հետո։
Մոնթե Մելքոնյանը սովորել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում՝ հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժնում: Նա ուներ բացառիկ ընդունակություններ, 4 տարվա ծրագիրը յուրացրեց երկուսուկես տարում: Մոնթեն տիրապետում էր 7 լեզվի: Բուն կրթական պրոցեսներից դուրս Մոնթեն զբաղվում էր նաև հայանպաստ գործունեությամբ: Նա հիմնեց «Հայ ուսանողների միությունը», կազմակերպեց Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսներ:
Մոնթեն առաջին անգամ Հայաստան է այցելել 1990 թվականին: Մոտ մեկ տարի նա զբաղվեց գիտական աշխատանքով, հետո իմացավ Շահումյանում լարված դրության մասին ու «Ավո» կեղծանվամբ մեկնեց Արցախի հյուսիսային դարպաս:
Ղեկավարեց Մարտունու, Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Նրա ղեկավարած ամենափայլուն գործողություններից է Օմարի լեռնանցքի նվաճումը։
1993 թվականի հունիսի 12-ին հերոսն ընկավ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:
Հասարակ ժողովրդից մինչև զինվոր ու հրամանատար սիրում էին Մոնթեին: Տեղեկություն կա, որ մարտունեցիները չէին թողնում Մոնթեի դին այնտեղից տանեն. Մոնթեն նրանցն էր:
Մարտական ընկերներից Սլավիկ Հայրապետյանը մի առիթով պատմել է, որ Մոնթեն շրջում էր կարկատած հագուստով, իսկ նոր բաճկոնները բաժանում էր զինվորներին: Իսկ գերիների հանդեպ հատուկ ուշադրություն էր պահանջում:
«Ինձ մոտ ադրբեջանցի գերիներ կային, ասեց' Սլավիկ, նրանց օրը քանի՞ անգամ ես կերակրում, ասեցի' Ավո, ի՞նչ կերակրել։ Ասեց' պետք է 3 անգամ կերակրել։ Ես էլ, թե' Ավո, կարո՞ղ է պատահի մի հատ էլ լողացնենք, ասեց' այ ճիշտ ես ասում, նաև լողացրու»,-պատմեց Սլավիկ Հայրապետյանը:
Մոնթեն չէր սիրում երկու բան, երբ իրեն շողոքորթում էին և ալկոհոլային խմիչքներ էին օգտագործում: Երկու դեպքում էլ այդ մարդկանց անվանում էր «էշ»: Դա Մոնթեի ամենավատ բառն էր: Մոնթեի մարտական ընկեր Աշոտ Ղարիբյանը կարոտով ու ժպիտով է հիշում Մոնթեի հետ պատահած դեպքերից մեկը.
— Դու ո՞վ ես։
— Ես հրամանատարն եմ։
— Դուն էշ ես։
— Դու ո՞վ ես։
— Ես հրաձիգն եմ։
— Դուն էլ ես էշ։
Լավրենտը, որ մեխանիկ-վարորդն էր, ասաց՝ Մոնթե ջան, ես էլ եմ էշ։
— Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես:
1983 թվականին Մոնթե Մելքոնյանը հեռախոսով սեր խոստովանեց Սեդային: Ու այդ օրվանից նրանք անբաժան եղան: Նա մինչև օրս էլ հիշում է իր հերոսին: Սեդան որդի ունի. առանց վարանելու տղան կնքվեց Մոնթե անունով:

#Մոնթե_62