Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աշխատակից Արսեն Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արջի դեպքի հետ կապված մի քանի դիտարկում

1. Երբ այցելում եք վայրի բնություն պետք է գիտակցեք, որ դա ապրելավայր է խոշոր կաթնասունների համար, այդ թվում գիշատիչների, որոնք կարող են վտանգավոր լինել մարդու կյանքի և առողջության համար: Սա նրանց տունն է և մեր երկիրը ունի հարուստ կենդանական աշխարհ:

2. Եթե մեկ շաբաթ առաջ ասեի, որ պետք է քայլարշավորդներին/այցելուներին տեղեկացնել, որ հատուկ սպրեյեր կան արջերի դեմ, որ նման վայրեր այցելողները կարող են իրենց հետ ունենալ, տեղադրել տեղեկատվական ցուցանակներ վայրի կենդանիների առկայության և դրանց տեսնելու դեպքում անհրաժեշտ քայլերի մասին, ապա շատերը կասեին մեր մոտ էտ խնդիրը չկա, ու՞ր է: Հավատացեք, որ նույն խնդիրը ունենալու ենք հատկապես Վայոց Ձորում և գրեթե բոլոր այլ մարզերում: Վտանգավոր կարող է լինել նույնիսկ վայրի խոզը: Իմ փորձից գիտեմ, թե արջի, թե խոզի հետ մոտիկից ծանոթության փորձառությունը:

3. Արջը մարդու վրա հարձակվում է շատ հազվադեպ: Հիմնականում, երբ ձագերի հետ է և ցանկանում է նրանց պաշտպանել, երբ վիրավոր է կամ էլ սադրանք է եղել մարդու կողմից: Հազվադեպ լինում են նաև ագրեսիվ առանձնյակներ, որոնց պահվածքը անկանխատեսելի է: Չգիտեմ սա, որ դեպքն էր: Կարևոր է, որ հետևություններ անենք և քայլեր ձեռնարկենք այցելուների տեղեկացվածության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

4. Մենք պետք է սովորենք վայրի կենդանիների հետ համակեցությանը: Հույս ունենանք, որ այս դեպքը կսթափեցնի մեզ և կխթանի այս ուղղությամբ իրական քայլերի իրականացումը»: