Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղուկասյանի և Բալասանյանի զարմանահրաշ հարազատության մասին. մոտավորապես 13 տարի առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ղեկավարած ավագանին, եթե չասենք՝ կառավարած, որոշեց, որ Գյումրու կենտրոնական հրապարակի ասֆալտը շատ վատն է ու դրա փոխարեն հարկավոր է քարե գորգ կառուցել (Երևանից ետ չմնանք, իբր): Այդ քարե գորգը համայնքի բյուջեին ուղիղ կես միլիոն դոլար արժեցավ՝ տարեկան բյուջեի 7%-ը: Երբ ասում էինք՝ էս ի՞նչ եք անում, քաղաքի փողոցներն արդեն մոտ 20 տարի է չեն նորոգվել, քաղաքում երկրաշարժից դեռ մոտ 7.000 ընտանիք անօթևան է, աղբարկղերն առնետների ինկուբատոր են դառել, ձմռանը սառույցը քերելու և աղ անելու փող՝ ասում եք չկա ..., դուք կենտրոնական հրապարակի համեմատաբար լավ ասֆալտը քերում, տեղը քար եք շարո՞ւմ, ի՞նչ դրա ժամանակն է, իմաստը ո՞րն է դրա, ասում էին.
-Հա՜, դուք գրանտ եք անում հա՞, մեզ քննադատում եք, որ փող ստանաք, լավ էլի, էս ինչ անխղճություն է, չեք ուզո՞ւմ մեր քաղաքը գեղեցիկ լինի. և այսօրինակ այլ հիմարություններ:
Էս «Չեք ուզո՞ւմ մեր քաղաքը գեղեցիկ լինի» ռեպլիկը դարակազմիկ է, այդով հակաճառողին լռեցնելու մի ֆանտաստիկ հնարք էին հորինել ու ծամում էին ամեն անգամ, երբ համայնքի փողերով սեփական իղձերն իրականացնելու գործողություններ էին ձեռնարկում: Փող լվալն ու ուտելը՝ մտքներս: Նույն ղժղժոցը լսում էինք Աշոտ Ողորմածի արձանը դնելիս՝ 20 մլն դրամ: Այդ փողով 3-4 բնակարան կարելի էր գնել կամ հիմնանորոգել 1700-2000 քառակուսի մետր մակերեսով փողոց, նամուսով նորոգել և ոչ թե թքել-կպցնել: «Վայ, չեք ուզո՞ւմ մեր քաղաքը գեղեցիկ լինի, ինչ ամոթ է...»: Հետո Վարդանանց արձանախումբ՝ մի 40 մլն դրամ և այլն: Մի կողմ թողնենք գեղեցիկ-տգեղի վեճը, ու մի կողմ թողնենք այն դատարկաբանությունը, թե որևէ քաղաքացի չի կամենա իր քաղաքը գեղեցիկ տեսնել: Կարելի էր կարճ ասել՝ իբր բոլոր պարերը պարել էինք, մնացել էր քարե գորգը: Ոչ ոք այդ անարդյունավետ ծախսերի համար չի պատժվել, սերժիկները համարել են, որ կայֆ է քարե գորգի, քանդակների ու արձանների համար էդ տեսակ ծախսեր անելը, այն դեպքում, երբ Գյումրի գետակը, որ հանրությանը հայտնի է «Քաքոտ չայ» խորհրդանշական անունով, գարշագետակ է դառել վաղուց, կոլեկտորներ չունի, կամ չեն դրանք աշխատում, դրան կդիմամանանք, իսկ որ արձան չունեցանք, շատ բարդ է լինելու, մենք մշակութային և հոգևոր ազգ ենք...
Հետո անցան տարիներ, Սերժիկը ջղայնացավ Ղուկասյանի վրա, որ վերջինս ամեն ընտրության նախօրեին մեծամեծ քվեներ է խոստանում ՀՀԿ-ին, բայց ՀՀԿ-ն 24-26%-ից ավել չի ստանում, որոշեց նրան տուն ուղարկել և 2012-ին ուղարկեց տուն, զրկեց նաև հանրապետականի մարզային շեֆ լինելու երջանկությունից: Միաժամանակ, քաղաքապետի պաշտոնին առաջ մղեց Սամվել Բալասանյանին, պատգամավոր էր: Նախ պաշտոնակատար, ապա արդեն՝ քաղաքապետ: Նոր դրվող քանդակների թիվը և դրանց համար արվող ծախսերը կրճատվեցին, տարեկան 1-2-3 փողոց մասնակի սկսեցին նորոգվել, համայնքի միջոցներով, աղբն սկսեցին ավելի բարեխղճորեն հավաքել, մինչև եկանք հասանք մի այնպիսի դրության, որ «սիրուն քաղաքի» համաճարակը կպավ նաև Բալասանյանին.
-Հրապարակի մնացած ասֆալտը քանդենք, տեղը սալաքար շարենք: Ինչո՞ւ, ո՞ր մեղքերիս համար, անհասկանալի է: Ինչո՞ւ գրանիտե քար և ոչ թե իտալական մարմար, ումի՞ց ենք վատ, չհասկացա, ղուրբանս էղնի Հռոմն էլ, Ֆլորենցիան էլ:
Ավագանու նիստերի ժամանակ տրված բացատրություններն այնքան թույլ են, որ դժվար է բացատրություն համարել:
-Սիրուն կլինի և կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, համ էլ փողը Համաշխարհային բանկն է տալիս: (Իբր նվեր է տալիս):
Նախ նվեր չի տալիս: Եթե անգամ նվեր տար, դա՞ է այդ փողերի ծախսման լավագույն եղանակը, թեկուզ զբոսաշրջության խթանման համար: Բացի այդ՝ Համաշխարհային բանկը չի որոշում, թե որտեղ ինչ պիտի սարքվի, գաղափարները քննարկում է համայնքապետի կամ այն իշխանության հետ, ում վարկ է տալիս: Ո՞վ է դեմ տվել հրապարակի դեռ 6 տարի առաջ փռած ասֆալտե ծածկույթը քանդելու ու դրա փոխարեն սալաքար շարելու պայծառ գաղափարը: Ավագանու նիստերում մի քանի անգամ Բալասանյանը փորձել է այդ գաղափարը մատուցել այնպիսի մի խանդավառությամբ, ասես հենց սալահատակ շարեցին՝ արտագաղթած գյումրեցիք վերադառնալու են քաղաք, համբուրելու են այդ սալահատակը, իսկ կողքի շատրվանից ոսկեդրամներ են շաղվելու աջուձախ: «Շատ լավ կլինի, շատ սիրուն կլինի...»: Ահա բացատրությունների առանցքային մտքերը, որ լսել ենք պարբերաբար և՛ ավագանու նիստերի ժամանակ, և՛ ասուլիսների ընթացքում:
Ամբողջ հրապարակի ասֆալտը քերվել է 2013թ., երբ Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվեց, պետական բյուջեից մոտ 400 մլն դրամ հատկացվեց հրապարակի և հարակից խաչմերուկների նորոգությունների համար: Կարգին քերեցին ու կարգին ասֆալտ արեցին: Հիմա, թե բա. «ճաքճքում է, ամեն տարի պիտի պտի նորոգենք, ավելի լավ է քերենք, տեղը քար շարենք»: Նույն հաջողությամբ կարելի է ասել՝ բերեք քերենք, երկաթբետոնե ծածկ անենք, վրան էլ թիթեռներ ու ծաղիկներ նկարենք, համ էլ ավելի սիրուն կլինի: Կամ հախճապակե սալիկներով պատենք և արգելենք դրա վրա երթևեկությունը, որպեսզի հանկարծ չմաշվի:
Մի քանի հարց է ծագում.
-Ինչո՞ւ է 6 տարվա ասֆալտը քանդվում, քանդվո՞ւմ է որ, շինարարն ի՞նչ երաշխիքային պարտավորություններ ունի, եթե ունի, թե՞ չունի, ինչո՞ւ չունի: Բա որ էս նոր շարելիք սալիկներն էլ մի 5 տարի դիմանան: Կամ, երբ 2013-ին հիմնանորոգվում էր հրապարակը, մտածե՞լ էիք, որ դա մի 5-6 տարվա համար է: Իրականում մի քանի ճաք է առաջանում հրապարակի ասֆալտին, որի նորոգումն ու լցոնումը չնչին ծախս է այն վերակառուցելու ծախսի համեմատ, որ պատրաստվում են անել հրապարակում: Ամեն տարի այդ թեթև նորոգումն արեք, ինչ է պատահել:
Մի քանի ամիս առաջ նույն լուսավոր նպատակով քաղաքապետի կամքով քանդեցին քաղաքապետարանի մայթի ասֆալտը, տեղում բետոն արեցին, որպեսզի սալաքարեր շարեն: Ում էր վատություն արել այդ ասֆալտը, կրկին հանելուկ է: Տպավորություն կար, թե առանց սալաքարերի, մաքուր ասֆալտած մայթերով չէինք կարողանալու ապրել, տառապելու էինք՝ էլ դու սուս, բայց դրեցին ու քանդեցին, փողը շատ էր, հավանաբար, չգիտեին որտեղ ծախսել: Հիմա հերթը հրապարակը վերակառուցելունն է:
Ասել, թե քաղաքապետարանում չգիտեն Գյումրու կոմունալ և այլ խնդիրները, սուտ կլինի, իհարկե: Հենց հիմա Գյումրու փողոցային ցանցի ընդհանուր մակերեսի մոտավորապես 80%-ն ավերակ է, ռազմաճակատային տարածք է հիշեցնում, 30 տարուց ավելի ոչ մի նորոգում այդ փողոցներում չի եղել: Ամռանը դարուփոսերով քարուփոշի է, մնացած եղանակներին՝ ցեխ, ցեխ, շատ ցեխ, լճեր, լճակներ, ջրանցքներ: Այդպես արդեն 30 տարի: Ինչ տրամաբանություն ու հետաքրքրություն պիտի ունենա որևէ քաղաքային իշխանություն, որ եղած փողն այդ խնդիրները վերացնելու փոխարեն դնի, կարգին նորոգված հրապարակը քանդի վերակառուցելու համար: Այդ վերաբերմունքը գիտակցված փորձանք է, մոտավորապես այնպես, որ մարդը բաց մատներով բռնի էլեկտրական հոսանքի լարերը, կամ նետվի ավտոյի տակ, կամ մտնի կազինո տան հացի փողը գրավ դնի, հաստատ իմանալով, որ պարտվելու է: Գյումրեցիներն արդեն 30 տարի զանգում ու ղժժում են, ղժժում ու զանգում են քաղաքապետարան, թե մեր այսինչ փողոցը մի հատ բուլդոզեր ղրկեք գա, կարգի բերի, գա մի անգամ անցնի դառնա: Հաճախ, եթե որևէ թաղում ավերակ փողոցների դարուփոսերը հարթեցված են լինում, ուրեմն այդ թաղում կամ հարսանիք է եղել կամ թաղում, կամ էլ այդ թաղի բնակիչները զզվեցրել են քաղաքապետարանի համապատասխան պանշտոնյաներին:
Երկաթգծի նորավանի, Բուլվարային-Արագածի, Մսի կոմբինատի, Բարաքների, Պոլիգոնների, Անտառավանի, Սովխոզի, Ձորի մայլի, Արցախ թաղամասի, Նորավանի և Երևանյան խճուղու, և բոլոր մնացած թաղամասերը կարոտ են նորոգումների, դրանց միայն առանցքային փողոցները լավից-վատից բարեկարգ, դրանք միջպետական ճանապարհների միացումներն են հիմնականում և կենտրոնում մի քանի փողոց, իսկ մնացածն ավերակ է բառացիորեն: Հիմա այս թաղամասերի բնակիչներին ինչ է պատմվելու, ասվելու է, ոչինչ մի 30 տարի էլ ցեխերի մեջ կապրեք, բայց դրա փոխարեն հրապարակում ասֆալտի փոխարեն սալաքարեր կունենաք: Ուռա, հարգելի համաքաղաքացինե՞ր...
Մի շարք քննադատություններից հետո քաղաքապետարանը սեպտեմբերի 3-ին հանրային լսում է հրավիրել, վերջապես քննարկելու այդ հարցը, իմանալու, թե մարդիկ ինչ են ուզում՝ սալաքա՞ր, թե՞ ասֆալտ: Հայտնի հնարքով այդ քննարկումներին գալիս են կամ կանչվում են քաղաքապետարանի առաջարկների սպասելի, անսպասելի ու զարմանահրաշ պաշտպաններ: Այս անգամ էլ երևի կգան: Սակայն, ասում են՝ իրավիճակ է փոխվել, ու քաղաքացիները, որոնք համարում են, որ ասֆալտի փոխարեն սալաքար շարելը հանրային միջոցների հերթական խորամանկ մսխումն է, պարտավոր են գալ և ասել իրենց խոսքը, ես իմն ասել եմ ու ասում եմ արդեն 15 տարուց ավելի:
Հանրային միջոցներն իշխանության երազանքների իրականցման համար չեն, դրանք հանրային խնդիրների լուծման համար են: Իշխանությունները սեփական միջոցներ չունեն, նրանք միշտ օգտագործում կամ ծախսում են մեր միջոցները, անգամ, եթե խոսքը վարկային ու դրամաշնորհային միջոցների մասին է: Որի՞ց սկսել, իհարկե, ըստ առաջնահերթության: Ինչպես որոշել առաջնահերթությո՞ւնը, մարդկանց լսելով, եթե շատ բարդ է, ապա՝ հանրաքվեով: Սա այն դեպքը չէ, թե շատ բարդ է: Քաղաքը, օրինակ, հանրային զուգարան չունի, մի երկու հատ կա, որոնք խոշտանգման խցիկներ են հիշեցնում, զբոսաշրջիկը և երեխային զբոսանքի հանած քաղաքացին այդտեղ չեն մտնի, ավելի շուտ անելիքը կանեն հրապարակի նորոգված սալաքարերին կամ գետնանցումներում, ինչպես արել են տարիներ շարունակ: Չարժե՞ մի 10 հատ հանրային զուգարան սարքել: Փողոցների գիշերային լուսավորությունը շատ խորհրդանշական ճրագների է վերածվել վաղուց: Դրան ասում են՝ «Էկոնոմ լամպեր են, քիչ ենք փող ծախսում»: Ու արդյունքում փողոցներում համարյա լույս չկա գիշերը, բայց լավ է, որ քիչ ենք փող ծախսում, երևի ուզում են ասել, որ հին ազգ ենք, ճրագի լույսով դարերն անցած: Կարելի է նաև ընդհանրապես ամեն փողոցում խորհրդանշական մեկական լամպ թողնել, կամ նավթով ջահեր շարել, ավելի հետաքրքրական կլինի կարծում եմ, ու էս պատկերին, թե բա՝ հրապարակի ասֆալտը քերենք: Պարապության ինչ-որ մի առեղծվածային մոլուցք է:
Պարապությունը լցնելու մի հրաշալի եղական էլ կա, որ ակամա գաղափարական հարազատության է հանգեցնում նախկին և ներկա քաղաքապետերին: Երկուսն էլ մի անհասկանալի դժկամություն կամ չարություն ունեն հրապարակի եղևնիների նկատմամբ, մեկ բանկի դիմացի եղևնիներն են իրենց անհանգստացնում, ուզում են անպայման կտրած լինել, կամ տեղահանել, մեկ հրապարակի ու Ամենափրկիչ եկեղեցու արանքի կանաչ գոտու մեկ տասնյակ եղևնիներն են անհանգստացնում իրենց, ուզում են կտրել, կամ տեղափոխել: Վարդան Ղուկասյանը, հենվելով այսպես կոչված ավագանու որոշման վրա, 2007-ին կտրել տվեց Անկախության հրապարակի յոթ շքեղ և քառասնամյա եղևնիները, իբր դրանք հիվանդ էին, ու իբր փչացնում էին քաղաքի ճարտարապետական տեսքը, ավագանու որոշումը տակը կոխելն անվտանգ էր, ոչ ոք չպատժվեց, բնականաբար: Վարդանանց հրապարակի եղևնիները դժվարամարս էին, մի քանի անգամ հանրային լսում են արել ու մարդիկ իսկապես մերժել են եղևնիների վերացման զավեշտալի մտքերը: Կհարցնեք՝ ինչու կտրել կամ հեռացնել այդ եղևնիներրը և ձեզ դեմքի շատ լուրջ արտահայտությամբ կասեն՝ «որպեսզի եկեղեցու դեմը բացվի»: Ասես եկեղեցին նորահարս է, խնամիք պիտի մարնամասն զննեն... Այս հայեցակարգի տերերն ու առաջամարտիկները ինչ-որ սևեռուն պրոբլեմներ ունեն չափի, ճաշակի, գեղեցիկի, համայնքային փողերի և քաղաքաշինության հետ: Տպավորություն են ստեղծում, որ իրենք ոչ մի կերպ չեն տեսնում եղևնիներից 3-4 անգամ բարձր եկեղեցին, որովհետև դիմացը ... այդ եղևնիներն են, բայց շուկայի կողմից տեսնում են այդ եկեղեցին, չնայած դեմը շենքեր են: Այդ ինչպես, երբ պիտի քանդվեն այդ շենքերը: Եղևնիները 8-12 մետր են, եկեղեցու բարձրությունը 43 մետր է, ու պարզվում է այն ծառերի թիկունքում չի երևում ոմանց: Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին էլ չի երևում, 800 կմ քշում, մոտենում, նավ են նստում, հասնում են կղզի, քարափը ելնում, նայում, մոմ վառում, նկարում, վերադառնում են... Որ ասես՝ այ մարդ, գնացեք ձեր ու ձեր ազգականների տների առաջի ծառերը կտրեք, որ «դեմը բացվի, տեսքը երևա», չեն անի, բայց հարձակվում են հրապարակի եղևնիների վրա:
Եղևնիների թշնամիները երևի գլխի չեն ընկել, որ Ամենափրկիչ եկեղեցին չեն տեսնում նաև նրանք, որոնց տները գտնվում են քաղաքապետարանի շենքի ետևում ու քաղաքապետարանի շենքը գտնվում է եղևնիների ու հազարավոր տների արանքում, բա կարելի՞ է, որ քաղաքապետարանի շենքը փակի եկեղեցու տեսքը: Երբ են քանդելու քաղաքապետարանի շենքը, որպեսզի եկեղեցին երևա, հոգիներս էլ ազատվի: Սա այնքան իրավաչափ և տրամանաբանական հարց է, որքան այն հարցը, թե երբ են հեռացվելու եղևնիները: Կամ այդ ինչ խելքով են եղևնիների ֆոնին երևացող եկեղեցու տեսքն անպիտան և անճաշակ համարում, իսկ առանց եղևնիների եկեղեցու տեսքը պիտանի համարում: Ի՞նչ կարծիքի են Էջմիածնի Մայր Տաճարը պարուրող այգու ծառերը հեռացնելու և տաճարի տեսքը բացելու մասին, կաթողիկոսին խորհուրդ չունե՞ն տալու: էս մատից ծծած «խնդիրները» հուշում են, որ ինչ-որ մի խորունկ դավադրություն կա մեր քաղաքի նկատմամբ, կարո՞ղ է թշնամիներն ուզում են մեզ խայտառակ անել, կարո՞ղ է թուղթուգիր են արել մեզ: Գալո՞ւ է մի ժամանակ, երբ հաջորդ սերունդները կարդան եղևնիները «եկեղեցու դեմը բացելու» համար հանելու հանրային լսումների արձանագրությունները ու ասեն. «Ի՜նչ հոգեկան առողջության կենտրոն են ունեցել հնում հայերը բաց երկնքի տակ ... Ես ամոթով եմ գրում այս ամենը:
Ոչ մի հոդաբաշխ բացատոթյուն չկա, թե ինչ են ուզում այդ ծառերից, ինչ պապական կամ պաշտոնեական թշնամանք կա այդ ծառերի նկատմամբ, որ քառամյակը կամ հնգամյակը մեկ վիշապի պես գլուխ է բարձրացնում ու գնում հասնում է հանրային լսման: Վե՞րջը: Իսկապես, էլ բանուգործ չունի՞ քաղաքապետարանը: 2013-ի հանրային լսումներից մեկի ժամանակ մտավորական համարվող մի քանի հոգի ելան ու ջիգյարով սկսեցին պաշտպանել հրապարակի եղևնիները կտրելու գաղափարը, ասելով՝ «սիրուն չէ»: Ես մի քամի անգամ խնդրեցի տրամադրել հանրությանը «սիրուն ծառերի» նոմիանալ պատկեր, գծագիր, չափ, որպեսզի հոգանք մնացած բոլոր ծառերը սիրուն դարձնելու ծանր բեռը: Պապանձվեցին: Մարդիկ 21-րդ դարում ծառի գեղեցիկ ու տգեղ են որոշում, բայց թե ինչպես, չգիտեն:
Շատ ափսոս է, որ կառավարման որոշակի, տեղ-տեղ արդյունավետ և հաջողված փորձ ունեցող քաղաքապետն ու քաղաքապետարանը որոշել են մրցել իրենց նախորդի հետ անհասկանալի սևեռվածությամբ և քաղաքաշինության բացառիկ ընկալմամբ, որ ավելի շատ արհեստական է, քան բնական, ավելի շատ կեղծավոր է, քան ճշմարիտ: Այս ընկալումների մասին ես շատ եմ խոսել և գրել, մի քանի անգամ ելույթ եմ ունեցել ավագանու նիստերում, սակայն, դատելով սևեռման աստիճանից, ապարդյուն:
Համայնքի զարգացման գրավական է ոչ թե սիրուն քաղաքի, այլ հարմարավետ քաղաքի վարդապետությունը, ոչ թե լավ քաղաքի, այլ ներդաշնակ քաղաքի վարդապետությունը: Հարմարավետ և ներդաշնակ համայնքի լուծումների հարուստ փորձ ունի աշխարհը, բայց ինչու մեզ համար այդ փորձը կիրառելի չէ, կամ, եթե կիրառելի է, ապա միայն «սիրուն» և «լավ» համայնքի համատեքստում, «սիրուն և լավ համայնք» հասկացությունները քաղքենիական կեղծասացություններ են ընդամենը, ոչ թե զարգացման ուղենիշեր: Հարմարավետ և ներդաշնակ համայնքին հասնելու կարևոր նախապայմաններ են համայնքային իշխանության հավասարակշիռ, բանիմաց, պատասխանատու վարքը, համայնքային խնդիրների լավ իմացությունից բացի առաջնահերթությունների սահմանման արդարությունը, համայնքի համաչափ զարգացման հրամայականի անվերապահ ընդունումը, համայնքային միջոցների արդյունավետ բաշխումն ու ծախսումը, քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքը և մասնակցության ապահովման պայմանը: Այնինչ պարբերաբար ականատես ենք լինում այսպիսի դեպքերի, երբ զարմանում ես, թե տեսնես ինչ մեղքեր ունի մեր քաղաքը, որ նման փորձությունների պիտի ենթարկվի: Մեկն էլ իմանա, թե քաղաքային տնտեսություն կառավարելն ու քաղաքացիներին բարեխիղճ ծառայություններ մատուցելը մի այնպիսի զարհուրելի դժվարություն է, որ նոմինալ մահկանացուներին հասու չէ»: