ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ տեղի ունեցած առնվազն երկու իրադարձություն բացահայտեց մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն մարտահրավերների մասին։ Նախօրեին «Մալաթիա մոլում» հրդեհաշիջման աշխատանքները տարօրինակ կերպով և ի զարմանք շատերի՝ համակարգում էր ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը (https://www.youtube.com/watch?v=mH7qP-WMjdo)։
Ոստիկանության տոտալ անգործության հայացքի ներքո ոչ վաղ անցյալի այս օլիգարխն իր սեփական տարածքը հրդեհից ազատում/փրկում էր, բացառապես, իր պատկերացումների համաձայն։ Ինքն էր որոշում, թե ինչպես և շենքի որ հատվածում հատկապես պետք է աշխատեն ԱԻՆ փրկարարները։ Լավ է, որ գոնե նրանք կարևորություն չէին տալիս այս կիսագրագետ օլիգարխի ցնորված հրահանգներին և անմնացորդ ու խիզախությամբ կատարում էին իրենց աշխատանքը։
Իսկ ոստիկանությունը հրշեջների անարգել աշխատանքն ապահովելու փոխարեն դիտում էր, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը հրդեհի ամենաթեժ պահին իր աշխատակիցներին տարհանվելու փոխարեն ստիպում մնալ ներսում, որ նրանք իր ապրանք/տեխնիկան փրկեն՝ խեղդվելով ծխի մեջ։
Երկրորդ իրադարձությունն ավելի վտանգավոր է։ Չգիտեմ՝ քանի մարդ է դիտել օրենքով գող Պզոյի՝ Արմեն Ղազարյանի և նրա ընկերների ամենաթող պահվածքը ոստիկանական բաժանմունքում (https://www.youtube.com/watch?v=6iZiplfaKfY), բայց այն, ինչ տեղի է ունենում օրենքով գողի մասնակցությամբ ոստիկանության բաժանմունքում առնվազն այս տեսանյութում արձանագրվածի շրջանակներում, ուղղակի սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը, որովհետև դրանից մի հետևություն է հնարավոր անել՝ Հայաստանում ոստիկանություն գոյություն չունի և ՀՀ քաղաքացին իր անվտանգության և պաշտպանության համար թույլատրելի և, գուցե, անթույլատրելի միջոցների պետք է դիմի ինքնուրույնաբար, օրենքով սահմանված, գուցե չսահմանված կարգով և իր պատկերացումների համաձայն, որովհետև ոստիկանություն կոչվածն ի վիճակի չէ այլևս պաշտպանել ՀՀ քաղաքացուն օրենքով գող, քրեական հեղինակություն կոչվող այս ոհմակից։
Հայաստանի անկախացումից մոտ 30 տարի անց մենք ստիպված ենք արձանագրել ոստիկանության ամենաթողությունը, ոստիկանապետության «պերճանքն ու թշվառությունը»:
Եվ բանն այստեղ միայն ոստիկանությունը չէ: Այն գործիք է, դրսևորում, իսկ խնդիրը, իհարկե, համակարգն է՝ իր ամբողջ բաղադրիչներով: Առանց այդ ամբողջականության՝ Հայաստանի քաղաքացին և իշխանությունն ընդհանրապես ունակ չէ ապավինել այդպիսի ոստիկանության: Ոստիկանությունն այդպիսինն է այդ համակարգային հավաքականության, օլիգարխիայի, քրեական տարրերի ամբողջության ուժով:
Այդ հավաքական ուժն է ոստիկանությունը վերածել հասարակության դեմ թրի ու վահանի, համակարգային զրահի:
Ու ոչ մի հեղափոխություն ունակ չեղավ փոխել իրերի նախկին վիճակը, ոչ մի հեղափոխական նշանակում չկարողացավ ոստիկանությունը կարգի բերել և այսքան ամիս անց ոստիկանությունում արմատական բարեփոխումների սկիզբ դնել։
Ես ձեռնպահ կմնամ լուծումներ առաջարկել, որովհետև դրանք կարող են տարբեր լինել և խիստ ծայրահեղ։ Բայց սա իշխող ուժի պատասխանատվության տիրույթում է՝ ստանձնեք պատասխանատվությունը, որոշեք՝ ով և ինչպես պետք է պատասխան տա այս բեսպրեդելի համար, ով պետք է հեռանա համակարգից և ով կարող է առհասարակ շարունակի մնալ իր պաշտոնում՝ առնվազն փրկելու համար ոստիկանական համարգը վերջնական հեղինակազրկումից և ոչնչացումից»։