Այս օրերին բոլորս էլ իրավունք ունենք արտահայտելու մեր կարծիքները, իրավունք ունենք տալու մեր գնահատականը ստեղծված իրավիճակի մասին, սակայն այս ամենի մեջ մենք իրավունք չունենք սխալվելու կամ պարզապես առիթավորելու այն, ինչի մասին շատ անգամ վստահ չգիտենք։ Մեր այս ցասումն ունի մեկ անուն, և նրա անունն է ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ...
Մեր այս օրերի ամենակարևոր կարգախոսն է՝ ստեղծել բոլորովին նոր Հայաստան, վերջ դնել ատելությանը, նախանձին, չարիքին և կամայականությանը․ մի՞թե սա չի ասում մեզ մեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, այս մոտեցումն էր, որ մեզ արթնացրեց մղձավանջ դարձաձ խորը քնից։ Ատելությունն իրար նկատմամբ մեզ չի բերի մեր այսքան երազած հաղթանակի հանգուցալուծմանը, այն նորից կստեղծի քաոս մեր նոր իրականության մեջ։ Ինձ դուր չի գալիս, երբ տեսնում եմ ձևավորվող ատելության այս մթնոլորտը, սարսափում եմ, երբ հիշում եմ «գաղջ» մթնոլորտի մասին։ Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ փորձում են ազատարար այս երևույթն օգտագործել հանուն անձնական վիրավորանքներ շռայլելու․ սա շատ սխալ է։ Այս օրերին նորից մարդկանց որոշակի խմբեր փորձում են պառակտել մեր հասարակությանը։ Եթե շատերին չեք տեսել այս օրերին հրապարակներում, հարթակներում կամ շարժման ակունքներում, դա դեռ չի նշանակում, որ նրանք հայեր չեն։ Ամիսներ առաջ այդ մենք էինք, որ ծափահարում էինք մեր երգիչ-երգչուհիներին, մեր արվեստագետներին, մշակույթի նվիրյալներին, այդ մենք էինք, որ սրտի զգացումով խոսքեր էինք հյուսում նրանց արվեստին, նրանց տաղանդին։
Հիմա ի՞նչ եղավ, պակասե՞ց մեր սերը նրանց նկատմամբ, մի՞թե այս ամենը կեղծ էր ու շինծու։ Ո՛չ։ Արվեստը ինչպես չունի սահմաններ, այնպես էլ մի քաղաքականացրեք այն, քանզի ամեն ինչ ունի իր արժեքը, որի մասին մենք լավ ենք հասկանում։ Մեր պայքարը, մեր ապագան բանտարկած ռեժիմի դեմ է, այլ ոչ թե արվեստի կամ ավելի կոնկրետ մարդկանց, ում ընդունել ենք վաղուց և սիրել։ Մի փորձեք ատելության այս փոշին տարածել մեր կյանքում, վերջ տվեք նման երևույթներին, հանգիստ թողեք մեր երգիչ-երգչուհիներին, որոնք վաղուց են ժողովրդի մասնիկը և ժողովրդի կողքին, մի տարածեք դեզինֆորմացիա նրանց անվան շուրջ, մի՛ բերեք մեր նոր լուսավոր կյանք կրկին ատելությունն ու չարը։ Մի քանի էժանագին լայքերի համար մի դարձեք չարակամ մարդկանց ցանկությունների գերին։ Մենք պետք է կերտենք բոլորովին ուրիշ Հայաստան, սիրո և բարության, միասնության և նվիրվածության, արդարության և հաղթանակի Հայաստան։ Պայծառ ու լուսավոր Հայաստան...