Այսպես է ասում Տեր Աստված. «Թող իմանան արևելքից ու արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա։ Ես եմ, որ հաստատեցի լույսը և ստեղծեցի խավարը, ես եմ, որ խաղաղություն եմ անում և հաստատում չարը, ես եմ Տեր Աստվածը, որ կատարում եմ այս ամենը։ Երկինքը թող ուրախ լինի վերուստ, և ամպերը արդարություն ցողեն, թող երկիրը ողորմություն բխեցնի, լիովին արդարություն թող բխեցնի։ Ես եմ Տերը, որ հաստատեցի քեզ որպես մի լավ բան, ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ»։


Մի՞թե նա, որ հողն է հերկում, ամեն օր հերկ կանի. մի՞թե կավը բրուտին կարող է ասել, թե՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել, թե՝ ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ։ Վա՜յ նրան, որ իր հորը կասի, թե՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, և մորը, թե՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ։


Այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի սուրբը, որ արարեց նրանց, ովքեր հետո են գալու. «Դուք ինձ հարցնում եք իմ որդիների ու դուստրերի մասին և իմ ձեռքի գործերի համար պատվեր եք տալիս ինձ։ Ես ստեղծեցի երկիրը, և մարդուն՝ նրա վրա. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տվեցի բոլոր աստղերին։ Ես արդարությամբ նրան թագավոր հաստատեցի, և նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կկառուցի իմ քաղաքը և իմ գերված ժողովրդին հետ կբերի՝ առանց կաշառքի և առանց ընծաների»։


(Գիրք Եսայի մարգարեի 45:6-13)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան