Համացանցում լուր տարածվեց, որ թշնամու գնդակից զոհված հայ երիտասարդի հարազատներին հոգևորականները չեն թողել, որպեսզի նրան վերջին հրաժեշտը եկեղեցում տան: Պատճառաբանել են, թե զինվորը կնքված չի եղել: Բայց արդյոք սեփական կյանքը հայրենիքի համար զոհելը կնունքից առավել չէ՞:

Կարդալուց հետո հիշեցի, որ մենք այն ազգն ենք, ովքեր եռաբլուրում հողին են հանձնել ազգությամբ թուրքմեն զինվորի: Թուրքմեն ազատամարտիկին հայ ազատամարտիկներին վայել հողին են հանձնել, այն հողին որի համար կռվում էր:

Կուրբանմուրադ Բազարբայի Նեֆեսովը (հայտնի է նաև «Բասմաչ» կամ «Թուրքմեն» մականունով) ծառայել է Աֆղանստանում, որտեղ վիրավորվել է։ Հետագայում հայ զինակիցներից մեկը Նեֆեսովին արյուն է տվել։ 1991 թվականին, արդեն հայի արյունը երակներում, միանում է «Հայր Վահան» ջոկատին:

1992 թվականի փետրվարին «Հայր Վահան» ջոկատը մարտական խնդիր ուներ՝ ազատել Քարվաճառի շրջանի լեռնաբերձ Աղդաբան գյուղը, որից ադրբեջանցիները հարձակվում էին Մարտակերտի շրջանի վրա։ Նեֆեսովը հետախուզման է գնացել և իրեն կողմից ճշտված կոորդինատների շնորհիվ ջոկատի մարտիկները Արցախի Հանրապետության ապագա գեներալ-մայոր Ժորա Գասպարյանի հրամանատարության ներքո ոչնչացրել է թշնամու 6 տանկ և ազատել Աղդաբանը։

Կուրբանմուրադ Նեֆեսովը զոհվել է 1992 թվականի դեկտեմբերի 13-ին մարտի ժամանակ։ Զոհվելուց հետո Նեֆեսովի մարմինը 4 ամիս մնացել է դիարանում, քանի որ պատերազմի ժամանակ դժվար էր տեղափոխել այն Թուրքմենստան, սակայն վերջում որոշում է կայացվել հողին նրան հանձնել Եռաբլուրում։ Նեֆեսովը Եռաբլուր պանթեոնում թաղված միակ մուսուլման մարտիկն է։