ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (10 հունվար 2018թ.)

Նույն օրերին Մարիամը ճանապարհ ընկնելով շտապ գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը: Այնտեղ Զաքարիայի տուն մտնելով՝ Եղիսաբեթին ողջույն տվեց: Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան շարժվեց իր որովայնում, և Եղիսաբեթը, Սուրբ Հոգուց ներշնչված, բարձրաձայն ասաց.
-Օրհնյա~լ ես դու կանանց մեջ, և օրհնյա~լ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում: Ինչպիսի~ երջանկություն, որ իմ Տիրոջ մայրն այցելում է ինձ, որովհետև երբ քո ողջույնը լսեցի, երեխաս ուրախությամբ շարժվեց իմ որովայնում: Երանի~ քեզ, որ հավատացիր, որովհետև Աստծու կողմից քեզ ասվածները պիտի կատարվեն:
(Ղուկասի ավետարան 1:39-45)

Այն լեռը, որին մոտեցել եք այժմ, շոշափելի չէ Սինա լեռան նման, որ կրակով էր այրվում և պատած էր մշուշով, խավարով ու մրրիկով, ուր փողն էր հնչում և լսվում էր Աստծու պատգամող ձայնը։ Ժողովուրդը, որ լսում էր այդ ձայնը, աղաչում էր, որ այն չլսի կրկին, որովհետև սարսափած էր այն հրամանից, որ ասում էր. «Ով որ մոտենա լեռանը, թեկուզ մի անասուն, քարկոծվելով պիտի մեռնի»։ Այնքան ահավոր էր տեսարանը, որ Մովսեսն էլ ասում էր. «Սարսափից դողում եմ»։ Դուք, սակայն, մոտեցել եք Սիոն լեռանը, կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղեմին, հրեշտակների անհամար բանակներին։ Մոտեցել եք երկնքում արձանագրված Աստծու անդրանիկ զավակների բերկրալի հավաքույթին, Աստծուն, որ բոլորի դատավորն է, կատարելության հասած արդարների հոգիներին, Նոր Ուխտի միջնորդին՝ Հիսուսին և նրա թափած արյունին, որ ավելի լավ արդարություն է պահանջում, քան Աբելի արյունը։
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մերժեք Աստծու խոսքը լսել, որովհետև եթե նրա հրամանները մարդկանց փոխանցող Մովսեսին չհնազանդվողներն ազատում չունեցան, մենք բնա՛վ ազատում չենք ունենա, եթե թիկունք դարձնենք Աստծուն, որ երկնքից է իր խոսքն ուղղում մեզ։ Նրա ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ մնում է նրա խոստումը, որ ասում է. «Մի անգամ ևս պիտի շարժեմ. և ոչ միայն երկիրը, այլ երկինքն էլ»։
«Մի անգամ ևս» խոսքը ցույց է տալիս, որ ստեղծագործության մեջ խախտված
բաները կփոխվեն, մինչդեռ անշարժ մնացածները անփոփոխ կմնան։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:18-27)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան