Սիրիական հակամարտության սկզբից ի վեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին առաջնորդն էր, ով այցելեց այդ երկիր: Լաթակիայում տեղակայված Հմեյմիմ ռազմաբազայում ՌԴ նախագահը հերթական անգամ նաև խորհրդանշական առումով հավաստեց սիրիական ներքին զինված հակամարտության՝ որակապես նոր շրջափուլի անցման մասին, որում, ինչպես նաև արդեն նախորդում՝ հակաահաբեկչական պայքարի ընթացքում, առանցքային դերակատարություն է վերապահված Մոսկվային:


Եվ թեպետ Պուտինը ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուին և ԳՇ պետ Վալերի Գերասիմովին հրահանգել է՝ կազմակերպել ռազմական կոնտինգենտի զգալի մասի դուրսբերումը Սիրիայից, այդուհանդերձ ռուսական կողմի դերակատարությունը հետագա գործընթացներում դրսևորվելու է դեէսկալացիոն գոտիներում հրադադարի պահպանման ռեժիմի մշտադիտարկման, սիրիական կառավարական ուժերին մասնագիտական խորհրդատվությամբ ապահովելու, քաղաքական կարգավորման տարաբնույթ նախաձեռնություններին նպաստելու, ինչպես նաև՝ առավել սակավ ներգրավմամբ ահաբեկչական խմբավորումների առանձին օջախների դեմ օդային գործողություններ իրականացնելու ուղղություններով:


Ինչ խոսք, դեռևս բավական անկանխատեսելի են սիրիական հակամարտության հերթական շրջափուլի շրջանակներում ակնկալվող զարգացումները, և մնում է հուսալ, որ ՌԴ նախագահը ստիպված չի լինի 2015 թ. սեպտեմբերի 30-ից ի վեր հերթական՝ արդեն երրորդ անգամ (2016 թ. հուլիս-օգոստոս, 2017թ. սկիզբ) Սիրիայի տարածք վերադրաձնել ՌԴ օդատիեզերական ուժերի ստորաբաժանումները, ասել է, թե՝ սիրիական հակամարտության շրջանակներում նոր մաշտաբային ռազմական սրացումներ այլևս չեն գրանցվի, իսկ նման սպառնալիքը դեռևս չի կարելի բացառել՝


հատկապես ԱՄՆ-Սաուդյան Արաբիա-Իսրայել հնարավոր արկածախնդիր գործողությունների տեսանկյունից:

 

Արմեն Պետրոսյան