Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ. (շարքից)
-աջուձախ, հարմար-անհարմար վայրերում տեղադրված են գովազդային վահանակներ, որոնց գերակշռող մասը դատարկ է, շատերը տարիներ ի վեր…
-շատ ու շատ հուշարձանների, կառույցների շրջակայքից միզահոտ է գալիս և շուրջ բոլոր աղբ է՝ ծխախոտի, սննդի մնացուկներ, պլաստիկե շշեր, բաժակներ, տոպրակներ…
-աղջիկները փոմփոլիկազարդ չստերով զբոսնում են քաղաքում, արևածաղիկ չրթելով ու գռեհիկ «որոճալով»…

 


-սակագները հիմնականում փոխում են իրենց անձնական շահի, յուրացումների, կատարած շռայլությունների ու անտնտեսվարության ծախսերը փակելու և ոչ թե այդ ծառայությունների որակը բարձրացնելու, համակարգը զարգացնելու և կատարելագործելու համար…
-տաքսիների ղեկին շատ են տարիքն առած, անջատված վարորդները, որոնք մի քանի ազդանշանից հետո հիշում են, որ ղեկին են, ու անջատված են, և որ մեքենա են վարում…

 


-ամեն իշխանության ու կարգերի փոփոխությանը զուգընթաց ջարդում, ավերում, փշրում են հուշարձաններն ու հաճախակի՝ ամեն դեղնակտուց քաղաքական նորելուկի պահանջով փողոցները, պողոտաները, հրապարակները, բնակավայրերը անվանափոխում:
Պատկերացնու՞մ եք սրանց նմանները Եվրոպան ու մյուս վայրերն ինչպես քարուքանդ կանեին…Դարերով ստեղծածը, հոգատարությամբ պահպանածը և սերնդե սերունդ փոխանցածը մի քանի օրում կոչնչացնեին…

 


Նմանների պատճառով է, որ այսօր Հին Հայաստան, Հին Երևան չունենք, ոչ էլ հուշարձաններ ու պատմական կառույցներ…Եղածներն էլ քանդվում են, մամռակալվում և «կանաչապատվում»…Դա է պատճառը, որ Պարսկաստանում և Թուրքիայում ավելի շատ պահպանված եկեղեցիներ ու հուշարձաններ ունենք, քան թե Հայաստանում…
-(շարունակելի..)

 

Ռոբերտ Մելքոնյան