Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին նկատվել էր լարվածություն։ Ադրբեջանական կողմը 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո առաջին անգամ կիրառել էր TR-107 համազարկային կայաններ։ Ընդ որում՝ հայկական կողմի ուղղությամբ կրակ էր բացել բնակավայրերից։ Ճիշտ է, ՀՀ զինված ուժերը դիմել էին պատասխան գործողությունների, սակայն փոխհրաձգության հետևանքով քաղաքացիական անձ էր տուժել։ Սա Ադրբեջանի համար դարձել էր շահարկման թեմա։ Բնականաբար, Հայաստանը նույնպես փորձում է ցույց տալ տեղի ունեցածի մանրամասներն ու ապացուցել, որ Ադրբեջանի կողմից քաղաքացիական կոուստների շահարկումն անտեղի է։

Հայկական դիվանագիտական կորպուսն առիթը բաց չի թողնում միջազգային ամենատարբեր հարթակներում ընդգծելու Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից իրականացվող սադրիչ քաղաքականությունը։ Բնական է, որ առաջնագծում հիմնական հարց լուծողը ՀՀ զինված ուժերն են, սակայն ոչ պակաս կարևոր է նաև միջազգային հարթակներում թեման թեժ պահելը։ Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահի և ՌԴ Պետդումայի խոսնակի հանդիպման ժամանակ հայկական կողմն անդրադարձել է այս խնդրին։ Բաբլոյանը հիշեցրել է հուլիսի 4-ին ադրբեջանական կողմի իրականացրած գործողություններն ու հավելել, որ Ադրբեջանը, կրակակետերը տեղակայելով բնակավայրերի մերձակայքում, իր բնակչությանն օգտագործել է որպես կենդանի վահան:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է․ «Այդպիսի սադրանքներից, ինչպես նաև դրանցով պայմանավորված բազմաթիվ մարդկային կորուստներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը հավատարիմ մնար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի 2016 թվականի գագաթնաժողովներում ընդունված պայմանավորվածություններին»։
Ադրբեջանի կողմից բարձրացված միջազգային աղմուկից հետո հայկական կողմը հաճախակի է մատնացույց անում բնակավայրերում տեղադրված կրակակետերի մասին։

 

Տիգրանուհի Դավթյան