ԱՀ մշակույթի և զբոսաշրջության նախարար Ա․ Գարեևը իրանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ բավականին տհաճ և անհարմար իրավիճակում է հայտվել և ստիպված է եղել պատասխանել իր համար ոչ այնքան ցանկալի և նպատակահարմար մի քանի հարցերի։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում իրանական պաշտոնական լրատվականներից մեկի լրագրողի այն հարցին, թե ինչպես է եղել, որ «թառ» լարային երաժշտական նվագարանը և «ճոկան» մականախաղը ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է ԱՀ-ի անվան դիմաց, երբ բոլորին է հայտնի, որ դրանք իրանական են, ԱՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարը պատասխանել է, որ «այդպես են վարվել, որովհետև «ճոկանը» ներկայումս ԱՀ-ում վերանալու եզրին է, քանի որ խաղը խաղացել են «Ղարաբաղյան» ցեղատեսակի նժույգներով, իսկ ներկայումս այդ տարածքը գտնվում է հայկական զորքերի վերահսկողության տակ, ձիերի տեսակն էլ վերանալու եզրին է, հետևաբար մենք դիմեցինք այդ քայլին»։

Բաքվի վարչակարգը ներկայացնող պաշտոնյայից, նման ծիծաղելի և տարրական դասարանում սովորող աշակերտին հարիր պատասխանից բացի, այլ պատասխան չէր էլ կարելի սպասել։ 

Պարզապես կարող ենք փաստել և ֆիքսել, որ ԱՀ պաշտոնյան չի կարողացել տրամաբանված պատասխան գտնել իրանցի լրագրողի հարցին, հայտնվել է բավականին անհարմար իրավիճակում (ինչը վերջերս ադրբեջանցի պաշտոնյաների հետ Իրանում հաճախ է կրկնվում. հիշենք Ի․ Ալիևի արդարացումների փորձերը Ա․ Խամենեի առջև), արդյունքում ոչ մի նոր բան չի ասել, պարզապես կրկնել է այն տեքստը, որով ժամանակին դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ինչպես միշտ, ամենուր և ամեն ինչում մեղադրելով Հայաստանին և հայերին․ «Հայկական» սինդրոմը Ադրբեջանում ամենուր է։

Հ․Գ․Կարծում եմ՝ տեղին է մեջբերել ռուս բանաստեղծ Ալ․ Պուշկինի 1829 թ․ գրված «Из Гафиза (Лагерь при Евфрате)» բանաստեղծությունից մի փոքրիկ հատված, որտեղ գովերգվում է «Ղարաբաղյան նժույգը»։

«Не пленяйся бранной славой,
О красавец молодой!
Не бросайся в бой кровавый
С карабахскою толпой!․․․»