Կարդացի «Ազդարարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Արժե շնորհակալություն հայտնել Արփինե Հովհաննիսյանն և Կառավարությանը՝ այս ուղղությամբ հետևողական օրենսդրական ձեռնարկումների համար։

 


Միգուցե իմ սպասելիքներն օրենքից անարդարացիորեն մեծ էին, բայց ես կարծում էի, որ օրենքի ուղղակի կամ անուղղակի նպատակներում կլինի քաղաքացու, ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի խախտված իրավունքի վերականգնումը, ինչը, սակայն չկա։ Ըստ օրինագծի՝ ազդարարման նպատակներն են կոռուպցիոն բնույթի դեպքերի, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումների, հանրային շահերին ուղղված այլ վնասների բացահայտումը,կոռուպցիայի նվազեցումն ու կանխարգելումը, կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը նպաստելը։ 

 


Այսինքն դիցուք՝ եթե կամայական հանրակրթական դպրոցի (իրավակազմակերպչական ձևը՝ ՊՈԱԿ) տնօրեն մերժում է իմ երեխային առանց կաշառքի ընդունել դպրոց, ազդարարման համակարգն ինձ ոչնչով չի օգնի վերականգնելու երեխայիս խախտված իրավունքը, քանզի ըստ օրինագծի 7-րդ հոդվածի՝ արտաքին ազդարարման վարույթն այս դեպքում իրականացվելու է հենց նույն ՊՈԱԿ-ում (եթե ես ճիշտ եմ հասկացել օրինագծի տեքստը)։ Ինչպես և նախկինում, այս դեպքում ինձ մնում է կա՛մ ոստիկանություն դիմել, կա՛մ անցնել ոչ ֆորմալ կարգավորումների։

 


Չնայած սրան՝ ազդարարման մասին օրինագիծը մի շատ կարևոր նորույթ է առաջ բերում, այն է՝ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով [ենթադրյալ] հանցագործության մասին անանուն եղանակով տեղեկություններ հաղորդելը (8-րդ հոդված)։ Սեփական անձի և ընտանիքի անվտանգության մասին մտահոգվելը յուրաքանչյուրիս անկապտելի իրավունքն է (գաղութային դարավոր անցյալ ունեցող ժողովրդի մոտ սա առավել քան ընդգծված արտահայտություն կարող է ունենալ), ինչը շատ հաճախ հետ էր պահում քաղաքացուն հանցագործության մասին պատկան մարմիններին հաղորդելուց՝ անկախ էթիկական և այլ ըմբռնումներից։


Անանուն հաղորդման մեխանիզմը լուծում է այս հարցը․ այսուհետ եթե աչքիդ առաջ փողոցում մարդ առևանգեն, եթե անգամ չկարողանաս միջամտել, գոնե կկարողանաս մեխանիկական տրանսպորտային միջոցի պետական համարանիշը հիշել և տեղեկությունն անանուն հայտնել դատախազություն։
Օրինագիծն՝ այստեղ

 

Էլբակեան Էդգար