Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են զինծառայողների և քաղաքացիական անձանց խմբի, որոնք մեղադրվում են Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ։ Այդ մասին նշվում է մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ՝ փոխանցում է TASS գործակալությունը։

 

Հայտարարությունում նշվում է, որ «միջոցառումների արդյունքում, որոնք ձեռնարկվել են Ադրբեջանի ՊՆ և Թերթերի բնակավայրերի դեմ Հայաստանի հատուկ ծառայությունների մարմինների կողմից պատրաստվող լայնածավալ սադրանքների մասին տվյալների վրա, պարզվել է, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբը ներգրավված է եղել հակառակորդի հետախուզության հետ համագործակցության մեջ և տարբեր ժամանականերում նրան է տրամադրել տեղեկություններ, որոնք ռազմական գաղտնիք են»։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «անհետաձգելի քննչական-օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է Բաքվի հանրային վայրերում դիվերսիոն և ահաբեկչական գործողությունը»։ Ադրբեջանի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Նրանց դեմ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։

 

Այս հայտարարությունը շատ ուշագրավ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախօրեին Ադրբեջանի ՊՆ–ը տեղեկատվություն էր տարածել, թե իբր հայկական կողմը խոշոր ռազմական գործողություններ է նախապատրաստում Թերթերի ուղղությամբ։
Բաքվի այդպիսի «բացահայտումները» խոսում են այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է «իրավական» հիմք ստեղծել'Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիա սկսելու ու այն, որպես հակաքայլ, զսպման միջոց ներկայացնելու համար միջազգային հանրությանը։
Ադրբեջանի պես պետությունում, որտեղ ԱԱԾ–ն և ՊՆ–ը գտնվում են Ալիևի միանձնյա վերահսկողության տակ, հատուկ ծառայությունների այդպիսի «բացահայտումները» արվում ու ուղղորդվում են մի կետից'Ադրբեջանի նախագահի աշխատակազմից և կարող են հետապնդել թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական նպատակներ։

 

Արտաքին քաղաքական նպատակները պայմանավորված են Ղարաբաղի դեմ ագրեսիա սկսելու համար այսպես ասած casus belli ստեղծելու և միջազգային հանրությանը «տուժող» կողմ ներկայանալով անցնել «պատասխան» գործողությունների'Ադրբեջանի պարագայում դա նշանակում է ռազմական սադրանքներ'միջին և մանր, քանի որ ղարաբաղյան բանակցային գործընթացը մտել է փակուղի'այն տեղից շարժելու համար Բաքուն ապրիլյա քառօրյա պատերազմ հրահրեց, իսկ այժմ էլ, երբ ՀՀ–ը Իսկանդեր և այլ զինատեսակներ է ձեռք բերել ու ամրապնդել առաջնագիծն ու «անսպասելիության» գործոնը գրեթե զրոյացրել, Բաքուն փորձում է հնարել տարբեր «առիթներ» հայկական կողմին ապակառուցողականության մեջ մեղադրելու համար։

 

Ինչ վերաբերվում է ներքաղաքական հնարավոր նպատակներին, ապա Ադրբեջանում «հայկական հետքով» քրեական գործերի բացումը կարող է նպատակ հետապնդել «զտել» բանակն ու այլ ծառայություններն անցանկալի մարդկանցից'կլանային պայքարի և այլ տրամաբանության շրջանակներում, սկսել ադրբեջանական «Էրգենեքոնը» ու այդ գործի շրջանակներում զինվորական և այլ շրջանակներին պահել վախի մթնոլորտում'բոլոր չենթարկվողները կարող են մեղադրվել «հայկական լրտեսի» պիտակով ու ցմահ կամ երկարաժամկետ ձերբակալության դատապարտվել։

 

Ցանկացած պարագայում ՀՀ–ի հատուկ ծառայությունները, ինչպես նաև ԼՂՀ–ի ռազմա–քաղաքական ղեկավարությունը պետք է զգոն լինեն'Ադրբեջանը կարող է դիմել ցանկացած քայլի'ապրիլյան դասերը պետք է թարմ պահել ու առաջնագծի ամրապնդման աշխատանքները ակտիվացնել։

 

Արտյոմ Բալասանով