Բոխին երկիր մոլորակի բնական պայմաններում հանդիպող հնագույն բույսերից մեկն է։ Ավելի քան մեկ միլիոն տարի առաջ այն աճել է Հարավային Ասիայում և հետզհետե տարածվել դեպի Եվրոպայի բարեխառն գոտիները։ Պատկանում է հաճարենիների կարգի, կեչազգիների ընտանիքի, տխլենիների ենթաընտանիքին։ Տեսակի լատիներեն գիտական անվանումն է' Carpinus, անգլերեն' hornebeam, ֆրանսերեն' charme, իսպաներեն'ojaranzo։ Այս անվանումների մեջ որևէ ընդհանրություն չի նկատվում։ Բոխին ունի մոտ 50 տեսակներ, դրանք հիմնականում տարածված են Ասիայի բարեխառն կլիմայական գոտիներում կամ մշակովի տեսակներ են։

 

Բույսը օգտագործվում է գաճաճային ծառերի բուծման արվեստում (բոնսայ), քանի որ դանդաղ է աճում և դիմացկուն է գեղարարական էտումների հանդեպ' ընդունելով ցանկալի տեսք։ Եվրոպայում տարածված ենթատեսակները երկուսն են' արևելյանը (Carpinus orientalis), նույն ինքը ղաժի, և կովկասյանը (C.caucasica)։ Կարծես թե ինչ-որ մի հեռավոր աղերս կա բոխու գերմաներեն անվանման առաջին արմատի' hagebuche=բոխի+հաճարենի և հայերեն ղաժի անվանումների մեջ։ Ղաժին 5-10, երբեմն' 15 մ բարձրությամբ ծառ է, սակայն ավելի հաճախ թփի տեսք ունի, բոխի կովկասյանը ավելի հզոր է' խիտ սաղարթով, բարձրությունը' 20-ից մինչև 30-35 մ։ Բոխու բունը անկյունավոր է, ծածկված սևամոխրագույն կեղևով, տերևները' օվալաձև-սրածայր, մուգ կանաչ, աշնանը ստանում են շատ գեղեցիկ կիտրոնադեղին գունավորում։ Արևելյանի բունը ծուռումուռ է, տրամագիծը' 20-40 սմ, կովկասյանինը' 40-60 սմ։ Առաջինի տերևների երկարությունը 2-5 սմ է, լայնությունը 1,5-3 սմ, երկրորդինը' համապատասխանաբար, մինչև 10 և 5 սմ։ Տերևակոթունները կարճ են' 1-3 սմ, կախված ենթատեսակից։ Արևելյանը ջերմասեր է, աճում է ծովի մակերևույթից մինչև 1200-1500 մ բարձրության վրա, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, չորադիմացկուն է, արտակարգ լուսասեր։ Աճում է անտառների եզրին և բացատներում։

 

Հանդիպում է Սյունիքում և հյուսիս-արևելյան մարզերում։ Ծաղկում է ապրիլին։ Կովկասյանը ցրտադիմացկուն է, ստվերատար, խոնավասեր, պահանջկոտ հողի հանդեպ։ Բացի նշված մարզերից, աճում է նաև Նիգ-Ապարանում' բոլոր տեսակի անտառներում, ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են աշնան սկզբում։ Նշված երկու տեսակները տարածված են Հյուսիսային Կովկասում, Փոքր Ասիայում, Ղրիմում, Միջերկրական ծովի ափերին, մայրցամաքային Եվրոպայի բարեխառն գոտիների լայնատերև անտառներում։ Հյուսիսարևմտյան Իրանի և Այսրկովկասի սահմաններում տարածված է բոխի Շուշիի ենթատեսակը (C. schushaensis)։ Ոչ մեծ (10-15 մ) ծառ է, ճյուղերը մուգ կարմրադարչնագույն են, պատված կարճ աղվամազով, տերևը հիմքում սրտաձև է։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Մեղրատու է, ծաղկափոշու և ակնամոմի հումքի մատակարար' ինչպես բոլոր այլ տեսակները։ Բոխիի, շուշիի պտուղները հասունանում են ամռանը, իսկ ղաժու պտուղները' հոկտեմբերին։ Հայաստանում հանդիպում է նաև մշակովի Հյուսիս-ամերիկյան բոխի կարոլինյանը։

 

Բոխի շուշիի տերևների երկարությունը 3.5-7 սմ է, լայնությունը' 2,5-4 սմ։ Այն աճում է անտառների եզրին, կախված վերընթաց գոտու կլիմայական պայմաններից' կարող է աճել ծովի մակերևույթից ավելի քան 1500 մ բարձրության վրա, ինչպես դա տեղի է ունեցել Լեռնային Թալիշի անտառներում։ Բոխին միատուն բույս է, փոշոտումը հիմնականում կատարվում է քամու միջոցով։ Ծաղիկները և տերևները բացվում են գրեթե միաժամանակ։ Երկար-էլիպսաձև, տափակ, պտուղները տեղակայված են ողկուզաձև փնջերով, պատված են կաշվենման թաղանթով, որի վրա կան կարճ աղվամազեր, և կետային գեղձիկներ, վերին մասում արտահայտվում են կողերը։ Մեկ պատյանի մեջ կան 10-30 հատ ընկուզանման սերմիկներ, դրանք շատ ամուր են։ Պտղաբերում է յուրաքանչյուր տարին, 1 կգ-ում ընդգրկվում է մինչև 35 հազար սերմ։ C. cordata ենթատեսակից սառը մամլման եղանակով յուղ են ստանում, այն ուտելի է, սննդարար։ Սերմը շատ երկար է պահպանում ծլունակությունը։ Գրականության մեջ օգտագործվում է նաև Carpinus betulus=բոխի եվրոպական=բ. կովկասյան=բ.սովորական անվանումը։ Հանդիպում է նաև C.betulus haagbeuk անվանումը (hedge, heg)։ Սրանք ոչ մեծ ծառեր են, լայնորեն կիրառվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։ Հանդիպում են նաև անտառներում։ Դրուիդների օրացույց-գուշակարանում բոխին տեղադրված է կեչուց և հաճարենուց մոտ տասը օր առաջ' 13.06 և 11.12 բոխու վերջին օրերն են։ Ինչո՞ւ է դա այդպես։

 

Եթե բոխին աճում է այդպիսի պայմաններում, որ նրան չեն վնասում կենդանիները, ապա ունենում է սլացիկ, գեղեցիկ սաղարթով տեսք, ծառերը աճում են որոշակի հեռավորության վրա, և միատարր աճող անտառակը լուսավոր է։ Երբ ծառի տերևները, մատղաշ ճյուղերը և ընձյուղները ուտում և տրորում են կենդանիները, ապա բույսը առաջացնում է կողային ծիլեր, որոնց բները ժամանակի ընթացքում սերտաճում են, նաև առանձին ծառերի արմատները և նույնիսկ ճյուղերը։ Այսպիսով բույսը պահպանում է իր տեսակը' ստեղծում անանցանելի պատնեշ իրեն վնասող կենդանիների համար։ Ծառի վնասված մասերը կոշտանում են, իսկ ներսի ճյուղերը' խիտ սաղարթ կազմում։ Նույն բանը տեղի է ունենում հաճարենու անտառում։ Բոխու կյանքի տևողությունը 80-120 տարի է։ Բնափայտը բաց դեղնավուն է և շատ ամուր, դիմացկուն' հարվածային բեռնվածքների, և զգայուն' ջերմության և խոնավության տատանումների հանդեպ։ Տերևներով և մատղաշ ճյուղերով կերակրում են կենդանիներին։ Օգտագործվում է կաշվեգործության մեջ' որպես դաբաղող և ներկող նյութ։ Կեղևը պարունակում է բետուլին, ֆենոլներ, դաբաղանութ, սպիրտներ, ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ։ Տերևը հարուստ է օրգանական թթուներով և ֆլավոններով, պարունակում է նաև ինոզիտ, դաբաղանյութ, բետա-կարոտին, E, K, C վիտամիններ։

 

Բույսը ունի հակաօքսիդանտ, հակահելմինտային, լեղամուղ, արյունարգել հատկություն, ըստ որոշ տվյալների' տերևի թուրմը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, հատկապես լավացնում է գլխուղեղի արյան սնուցումը։ Բոխին ոգեշնչող բույս է, էներգիան օգտակար է հղի կանանց, հեռացնում է վախի զգացողությունը։ Թուրմ 1 ճ/գ տերևը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ' սնվելուց մեկ ժամ հետո։ Հակահելմինտային. Վաղ գարնանը (մարտ-ապրիլ) առանձնացրեք մատղաշ ճյուղերի կեղևը։ Երկու հարյուր մլ տարողություն զբաղեցնող մանրացրած հումքը 30 րոպե եփեք 600 մլ եռջրում։ Չորս ժամ թրմեք ջերմապահի մեջ։ Քամեք, զտեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 3-ական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց մեկ ժամ առաջ։ Ունի լեղամուղ հատկություն։ Շարունակեք 7-14 օր։ Մաշկը սնուցող. 1 ճ/գ տերևը 15 րոպե եփեք 300 մլ եռջրում։ Քամեք։ Մաքրեք դեմքը։