Այսօր բոլորին շարունակում է հիացնել 10-րդ դարում կառուցված և հայկական միջնադարյան ճարտարապետության զարդը հանդիսացող Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, այնինչ՝ այն կարող էր արժանանալ Արևմտյան Հայաստանի բազում այլ ճարտարապետական կոթողների տխուր ճակատագրին և հիմնահատակ ավերվեր:

 

Լայն հանրությանը գուցեև այնքան էլ հայտնի չէ այն փաստը, որ Աղթամարի եկեղեցու փրկության գործում բացառիկ դեր է խաղացել քրդական ծագում ունեցող թուրքալեզու ճանաչված գրող Յաշար Քեմալը (1923-2015), որն ի դեպ արմատներով Վանի նահանգի Արճեշ գավառից էր: Հենց նրա ջանքերի շնորհիվ 1951 թվականին կասեցվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացման թուրքական իշխանությունների ծրագիրը։

 

Յաշար Քեմալն իր հայանպաստ գործունեության համար և 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության կողմից 2013 թվականին արժանացավ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: Պարգևը պաշտոնապես նրան հանձվեց Ստամբուլում՝ պոլսահայ համայնքի մշակութային գործիչների ներկայությամբ: Նշենք նաև, որ Յաշար Քեմալը գրականության ոլորտում մի քանի անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի:

1951 թվականի հունիսին, երբ Յաշար Քեմալը «Ջումհուրիեթ» թերթի հատուկ թղթակիցն էր և արդեն անուն հանած երիտասարդ հրապարակախոս, խմբագրության մի առաջադրանքով լինում է Վանում: Այստեղ ծանոթանալով զինվորական բժիշկ-վիրաբույժ, գնդապետ Ջավիթ բեյի հետ՝ նրանից պատահմամբ իմանում է, որ տեղական իշխանությունները, կատարելով ռազմական գերատեսչության հրահանգը, պատրաստվում են մոտակա օրերին քանդել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին: Ճարտարապետության գիտակ հանդիացող գնդապետը վրդովված է լինում այդ փաստից և առաջարկում է Քեմալին որպես «Ջումհուրիեթի» թղթակից օգտագործել իր բոլոր կապերը և փրկել եկեղեցին վերահաս կործանումից: Չնայած դժվարություններին, նրանք միասին կարողանում եմ հասնել Աղթամար կղզի և այնտեղ աշխատող բանվորներին հորդորել կանգնեցնել եկեղեցու քանդման աշխատանքները՝ մինչ հատուկ հրահանգը: Յաշար Քեմալն իր հուշերում պատմում է, որ կղզում աշխատող բանվորները արդեն հասցրել էին մասամբ քանդել եկեղեցուն հարող շինությունը:

 

Հաջորդ օրերի ընթացքում Յաշար Քեմալը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի վերջնականապես դադարեցվի Աղթամարի եկեղեցու ավերումը: Նրան այդ հարցում աջակցություն է ցուցաբերում «Ջումհուրիեթի» խմբագիրը. Քեմալը հասցնում է թերթում մի հրատապ հրապարակումով հանդես գալ և լայն հանրությանը ներկայացնել այն իրողությունը, որ Սուրբ Խաչ եկեղեցին ոչ միայն հայերինն է, այլ նաև ողջ Թուրքիայի մշակութային ժառանգությունը, և այդ պատճառով էլ այն պետք է անպայման պահպանվի: Այդ ողջ գործընթացը, որին ներգրավվում են տարբեր մակարդակի պաշտոնյաներ, բերում է նրան, որ ի վերջո պաշտոնական որոշում է կայացվում կասեցնել եկեղեցու քանդման աշխատանքները, և այդպես փրկվում է Ախթամարի Սուրբ Խաչը:

«Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի հանձման արարողության ժամանակ Յաշար Քեմալն ասել էր. «Ես ինքս ծնունդով Վանից եմ, և հպարտ եմ, որ Գրիգոր Նարեկացու հայրենակիցն եմ։ Այդ հողերը միևնույն ժամանակ մեծ ցավերի և կոտորածների տարածքներ են հանդիսանում: Վերապրած շատ մեծ դժբախտություններ, ոչնչացված շատ մեծ արժեքներ կան, սակայն այսօր մարդկային բոլոր աղետները մաքրելու ճիգեր էլ կան»:

 

Ռուբեն Շուխյան