Պլատոնը ասել է' դավաճաններն առաջին հերթին դավաճանում են իրենք իրենց… Երիցս ճիշտ էր մեծ մտածողը, քանզի դավաճանությունը դա ամենից աններելի արարքն է, որ մարդ կարող է անել իր կյանքում, իսկ երբ դա արվում է սեփական հայրենիքի ու ազգի նկատմամբ, ապա նույնիսկ դրա հիմքում ընկած պատճառների վերաբերյալ մեկնաբանություններն են դառնում իմաստազուրկ:


Այն, որ հայ ազգը դավաճանների պակաս չի զգացել իր ողջ պատմության ընթացքում' դա փաստ է: Այն, որ այսօր ևս կան այդ դավաճանները' դա ևս ակնառու է:


Խոսքերիս փայլուն ապացույցը դարձավ օրերս Շվեդիայից Բաքու մեկնած հայ «հուդաներից» հերթականը' Վահե Ավետյանը, ով, իրեն վտարանդի գրող է հորջորջում, այնինչ ողջ հասարակությունը իր հեղինակած գործերից գեթ մեկին ծանոթ չէ, իսկ իր մասին էլ իմացավ միայն իր դավաճանական ակտից հետո:
Ադրբեջանցիների նկատմամբ անթաքույց համակրանք տածող ազգադավ «հայը», հարցազրույց տալով ադրբեջանական «haqqin.az»-ին, մասնավորապես ասել է, որ նա մեծ սեր է տածում դեպի ադրբեջանցի ազգը և իր այս այցը հոգու կանչ է, այդ իսկ պատճառով նա ցանկանում է ծաղիկներ դնել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին:


Պետք չէ զարմանալ, մենք մեր շարքերում ունենք նաև այսպիսի տականքներ, ովքեր գուցեև կյանքում Ծիծեռնակաբերդ չայցելելով, ցանկություն են հայտնում այցելել ադրբեջանական հորինվածքների գագաթնակետը հանդիսացող «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը հարգելու:


Այս մարդանման երևույթի քայլերի գիտակցվածությունը և ստիպողաբար չգործելու իրողությունը ամբողջովին հասկանալու համար պետք է անցնենք հայ դավաճանների այդքան սիրելի «haqqin.az»-ի արխիվով, որտեղ կհանդիպենք, որ դավաճան Վահե Ավետյանը դեռևս տարի ու կես առաջ ներողություն էր խնդրում ադրբեջանցիներից, հայերի կողմից իրագործված ցեղասպանության համար և հայտնում, որ հայ ազգը բարոյական իրավունք չունի աշխարհից պահանջելու ճանաչել հայերի ցեղասպանությունը, եթե նա չի ճանաչել իր իրագործածը:


Որքան փորձում ես հայ մարդու նման վարքի դրդապատճառները հասկանալ, միևնույն է չի ստացվում և կրկին անգամ հանգում ես այն մտքին, որ ազգի դավաճանը հայրենիք ու ազգություն չունի' և անհայրենիքության այդ ծանր բեռը իր խղճի վրա կրելով' վերջինս վաղ թե ուշ կնքում է իր մահկանացուն' թողնելով մի մեծ խարան, որում շարունակում են ապրել նրա հարազատներն ու մտերիմները:


Վահե Ավետյանը, կարծես թե, կրկնեց իր գաղափարակից նախորդի' Վահան Մարտիրոսյանի երթուղին, ով կրկին դավաճանելով Մայր հայրենին, մեկնելով Բաքու, սկսեց համագործակցել թշնամու հետ, այն թշնամու, որի արձակած գնդակից զոհվում են հայ առյուծասիրտ ռազմիկները, այն թշնամու, որին գաղտնի տեղեկատվություն են փոխանցում այդ դավաճանները:


Չենք մոռանում, որ հենց այդ նույն Վահան Մարտիրոսյանն էր ժամանակին ծաղիկ դնում «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին, հայտնի դավաճաններ Կարեն Օհանջանյանն ու Գեորգի Վանյանն էին ներողություններ խնդրում հայերի գործած ոճրագործությունների համար, իսկ հիմա արդեն Վահե Ավետյանն է լիարժեքորեն համալրում հայրենիքի դավաճանների շարքերը:
Ու այս ամենում հետաքրքրականն այն է, որ վերոնշյալ տականքները' իրենց դավաճանությունը քողարկելու նպատակով ասում են, իբրև թե տարածաշրջան խաղաղություն բերելու նպատակով են իրականացնում իրենց այս ակցիաները:


Այս ամենը տեղի չեն ունենում ակամայից, դրանք մշակված ծրագրեր են' ուղղված ընդդեմ Հայաստանի, որը ֆինանսավորվում է դրսից, այլ դավաճան հայերի կողմից, ովքեր իրենց շուրջը կոնսոլիդացնելով արտերկրում գտնվող որոշ մարգինալ զանգվածների, վարում են խիստ հակահայաստանյան քաղաքականություն, կազմակերպում այնպիսի համաժողովներ ու իրագործում այնպիսի հավաքներ, որոնց ընթացքում արծարծված թեմաները միայն վնաս են բերում ՀՀ-ին ու նրա բնակչությանը, իսկ դրա կազմակերպիչները առանց դույզն-ինչ վարանելու հարվածի տակ են դնում մեր պետությանը, քանզի թքած ունեն նրա վրա, չէ որ իրենք գործում «վտարանդիության» մեջ, իսկ Հայաստանին պատուհասող վտանգները նրանց շրջանցում են:
Այս ուղղության կարկառուն գործիչներից է Վաշինգտոնում բնակություն հաստատած Դավիթ Գրիգորյանը, ով իր Policy Forum Armenia-ի միջոցով անընդհատ փորձում է խարխլել հայոց պետականության հիմքերը: Վերջինս, հանդիսանալով Արժույթի միջազգային հիմնադրամում ավագ տնտեսագետ, իր հնարավորությունների ողջ չափով իրագործում է իր հայակործան քաղաքականությունը, իսկ «Վահե Ավետյան» օպերացիան այդ մեծ թատերախաղի մեկ գործողությունն էր:


Պետք է այս ամենին մեծ հնչեղություն հաղորդել և ամեն ձև դատապարտել, որովհետև վերոնշյալ անձինքև նրանց արբանյակները շատ վտանգավոր գործելակերպ են ընտրել, քանզի նրանք իրենց գործողություններով կրկնակի հարված են հասցնում Հայաստանին , որովհետև եթե նույնը անում է թշնամին մենք և պատկան մարմինները գիտակցում և սպասում ենք այդ քայլերին, իսկ երբ նույնը անում է ազգությամբ հայը' դա դառնում է հարված թիկունքից, որի ազդեցությունը ավելի մեծ է լինում' հաշվի առնելով անսպասելիությունն ու հարցի բարոյական կողմը:

 

Հայոց Տուն