Նախագահական այս ընտրությունները նշանավորվեց մեկ ՙնորամուծությամբ՚՝ վերակենդանացավ ու մեծ ծաղկում ապրեց նամակի ժանրը: Նախ՝ երկու Սերժերը (Սարգսյան եւ Թանկյան) փոխանակեցին ու շփվեցին նամակներով, առաջինը՝ ինչպես միշտ, հովվերգական եւ քնարազեղումային տոնայնությամբ, երկրորդը՝ հատու, ռոքային տողերով ու ոճաբանությամբ:

Հետո սկսվեցին ֆեյսբուքյան օգտատերերի բաց նամակները՝ իրենց հայտնի անվանակիցներին՝ պատմական, քաղաքական, հասարակական, գեղարվեստական, մտերմիկ-անձնական թեմատիկայով ու գույներով՝ ա լյա Սերժ ոճի մեջ, որոնց մեջ քննվում էր Հայաստանի ու աշխարհի ՙբանը՚:

Այնուհետեւ սկիզբ առավ քաղաքացիների բաց ու հատկապես փակ նամակների շարքը՝ Սերժ Սարգսյանին, որոնց լեյտմոտիվը ՙՍերժ, դու նախագահ չես ընտրվել՚ միտքն էր:

Հետո ասպարեզ եկավ նամակագրության հաջորդ փուլը՝ բարձր մակարդակի նամակագրությունը նախագահական ընտրություններում երկու հիմնական մրցակիցների՝ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մեջեւ: Նախ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով առաջարկներ ներկայացրեց Սերժ Սարգսյանին:

Հետեւեց Սերժ Սարգսյանի նամակը՝ «հում», բայց խոստումնալից առաջարկների, հացադուլից դուրս գալու եւ կազդուրվելու, ՙ«թուղթ ու գրիչով» հանդիպելու ու առանց «շոուներ» միասին աշխատելու մասին:

Չուշացավ Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխան նամակը՝ ՙ«Հայրենիքի հավատամքով եւ ժողովրդի ձայնով» ՙվերահաստատելով իր պատրաստակամությունը՝ հանդիպելու եւ սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի եւ ցանկացած ձեւաչափով՝ Ազատության հրապարակում:

Հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակ ոչ մի դեպքում չի գնա, ուրեմն՝ սպասենք հաջորդ նամակին. մի խոսքով՝ նամակիդ սպասող կամ «նամակ, նամակ, նամակ էլ կստանաս»…