Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի շենքը... Երևանի ամեն մի քանդված հին շենք՝ դա մեր պատմական հիշողության հերթական կորսված վկան է հանդիսանում, որն այլևս հնարավոր չէ վերականգնել: 1930-ականների նկարում' 1918-1920 թթ. Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի (պառլամենտի) շենքն է, իսկ մինչ այդ այս շենքում տեղակայված է եղել Ա. Բունիաթյանի թատրոնը: Այն գտնվել է ներկայիս Վ. Սարգսյանի փողոց, շենք 7 հասցեում՝ «Արմենիա» հյուրանոցից դեպի ներքև: Խորհրդային տարիներին այստեղ էր գործում արդեն Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը: Այնուհետև 1970-ականների երկրորդ կեսին շենքը հիմքից քանդվեց և տեղում վերաշինվեց նույն թատրոնի նորակառույցը:

 

Ուշագրավ է նաև, որ հենց այդ դահլիճում է 1919 թվականի մայիսի 28-ին նորանկախ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից ընդունվել Միացյալ և Անկախ Հայաստանի հռչակագիրը՝ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի ամենաբաղձալի գաղափարի իրականացման ծրագիրը' միավորել հայկական պատմական տարածքները հայկական նորաստեղծ պետականության մեջ: Նշենք, որ այդ գաղափարը նախօրոք ձևակերպվել և հաստատվել էր 1919-ի փետրվարին' Արևմահայերի 2-րդ համագումարում:

 

«Հայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ցանկության, հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-­բաժան մասերը մշտնջենապես միացած են իբրև անկախ պետական միություն»,- Միացյալ և Անկախ Հայաստանի հռչակագրից, 1919 թ., մայիսի 28, ք. Երևան:

 


Ռուբեն Շուխյան