Արշավիր և Գայանե Շիրակյանները՝ 1922-ին և քառասուն տարի անց... Արշավիր Շիրակյանը (1900-1973)՝ հայ մեծ վրիժառուն է, ով հայոց «Նեմեսիս» գործողության պատվո շարքում թերևս երկրորդն է համարվում՝ Սողոման Թեհլիրյանից հետո: Նրա 1920-1922 թթ. ապրած բուռն տարիները նման են եղել աներևակայելի դրվագներով լի հագեցած մի արկածային ֆիլմի, որի մասին նա հետագայում գրել է իր ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» գրքում: Այդ դժվարին տարիներին նրան բարոյապես աջակցել է Գայանեն՝ Արշավիրի պատանեկան սերն ու ապագա կինը: Արշավիրն ու Գայանեն՝ պոլսահայերի պատվելի ու բարեկիրթ ընտանիքների զավակներ էին, իրար հետ ծանոթ էին դեռևս մանկուց, և աստիճանաբար պատանեկան այդ մտերմությունը դարձավ մի մեծ ու ամուր զգացմունքի սկիզբ՝ շուրջ կես դար տևողությամբ:




1921-ի դեկտեմբերի 5-ին Հռոմում, տակավին 21 տարեկան հասակում՝ Արշավիրը իր գործընկերների հետ նախապատրաստում և փայլուն իրականացնում է Օսմանյան Թուրքիայի վարչապետ, մեծ վեզիր Սայիդ Հալիմի ոչնչացումը: Ողջ գործողությունը վայրկյաններ տևեց, բայց դրանում խտացված էր հայության համընդհանուր մեծ վրեժը: Մարզական հիանալի պատրաստվածություն ունեցաղ Արշավիրը կարողանում է ընթացքից ցատկել Հալիմին տեղափոխող կառքի ոտնատեղին և ատրճանակի մեկ դիպուկ կրակոցով՝ քունքից ակնթարթորեն պատուհասել գործադիր բարձրագույն պաշտոն զբաղեցրած թուրք այդ ոճրագործին: 1915-ին Հալիմի ձեռքում էր փաստացի գտնվում Օսմանյան Թուրքիայի ողջ վարչատարածքային չինովնիկական ապարատը, և նա վիլայեթներում հայերի կազմակերպված բնաջնջման հրեշավոր ծրագրի թիվ մեկ պատասխանատուն էր: 




Այդ գործողությունից առաջ Արշավիրը, հանդիպելով Գայանեին, խոստացել էր նրան, որ եթե առաքելությունը հաջող ավարտվի և նա անվնաս վերադառնա Պոլիս, ապա կներկայանա Գայանեի ծնողներին ու կխնդրի իր ձեռքը։ Այդպես էլ եղավ՝ վերադառնալով, Արշավիրը գնաց Գայանեի տուն, հանդիպեց նրա ծնողների հետ և ամուսնության առաջարկ արեց։ Գայանեի ծնողները համաձայնեցին, նույնիսկ նշանախոսության օրն էր արդեն որոշված, սակայն՝ արարողությունը տեղի չունեցավ։ «Նեմեսիս»-ի պատասխանատու մարմինը հավաստի տեղեկություն էր ստացել, որ թուրք երկու այլ պետական հանցագործներ՝ Բեհաէդդին Շաքիրն ու Ջեմալ Ազմին գտնվում են Բեռլինում են։ Եվ ահա 1922-ի ապրիլի 17-ին, Բեռլինում՝ Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը համատեղ ջանքերով սառնասրտորեն ոչնչացնում են ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին` երիտթուրքերի պարագլուխ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի ջարդերի պատասխանատու, պաթոլոգիական մոլագար-մանկապիղծ Ջեմալ Ազմիին:




Արշավիրն ու Գայանեն ամուսնանում են 1922 թվականի հոկտեմբերին, իսկ 1923-ին մեկնում հեռավոր Ամերիկա` մշտապես բնակվելու և նոր կյանք սկսելու համար: Նրանք հաստատվում են Նյու Յորքում, այստեղ է ծնվում նրանց դուստրը՝ Սոնիան: Շիրակյանները հիմնում են արևելյան գորգերի վաճառախանութ, զբաղվում ազատ ձեռներեցությամբ, ապրում հանգիստ ու աշխատավոր կյանքով: Հայ ժողովրդի մեծագույն հերոս-վրիժառու Արշավիր Շիրակյանը մահանում է 1973-ի ապրիլի 12-ին և թաղված է Նյու Ջերսիի գերեզմանատանը:


Ռուբեն Շուխյան