Կարելի էր ասել, որ հետաքրքիր է հետեւել այս օրերին վիրտուալ եւ, պայմանականորեն ասած, «տաքսի-էքսպրես-նյուզ»-ով շրջանառվող զանազան քարոզչական-հակաքարոզչական կաղապարներին: Կարելի էր ասել: Բայց հետաքրքիր չէ, այլ ցավալի, որովհետեւ դա կատարվում է մեր հասարակական միջավայրում եւ, ի վերջո, մեզ հետ: Ու ոչ միայն ցավալի է, այլեւ մտահոգիչ:
Առաջինը, ինչի մասին մտածում ես եւ ապա փորձում այդ միտքը հնարավորինս հեռու վանել, այն է, որ ինչ-ինչ շրջանակներ, խիստ ազդված ապրիլի սկզբին հասարակության մեծ մասի դրսեւորած միասնականությունից, հիմա ամեն կերպ փորձում են այն բեկորել: Իսկ զանազան ապակողմնորոշող, կիսատ-պռատ, հաճախ ուղղակիորեն մտացածին «գաղափարներն» ու կաղապարները որոշակիորեն ծառայում են այդ նպատակին: Դա արդեն անկախ այն բանից՝ դրե՞լ է որեւէ մեկը նման հատուկ նպատակ, թե՞ ոչ:

 


Վերցնենք հենց թեկուզ «վա՜յ, հողերը տալիս են», «ամա՜ն, տարածքները զիջում են» եւ այսօրինակ գլուխգործոց մարգարիտները, որոնցով վերջին օրերին ուղղակի հեղեղված էր սոցցանցերի ու նաեւ բազմազան կայքերի լրահոսը:
Ոչ պակաս ուշադրություն էին գրավում նաեւ նման լացակումած ձայնարկումների վերաբերյալ հերսոտած ու հայհոյախառն արձագանքները՝ «ով մի թիզ զիջի...» ընդհանուր ձեւակերպմամբ:
Բայց գանք բուն «թեզ»-ին: Հնարավոր «սկզբնաղբյուրներից» մեկը օրերս ռուսական «Իզվեստիա» թերթում զետեղված մի հրապարակում էր, որտեղ ինչ-ինչ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով նշվում էր, թե Արցախի հիմնախնդրի կարգավորման ինչ մոտեցումներ են դրված սեղանին, մասնավորապես տարածքների զիջում եւ էլի նման բաներ: Դրա վրա էլ յուղ լցրին արագորեն շրջանառության մեջ դրված լուրերը, թե Ռուսաստանի ԱԳ նախարարը Արցախի խնդրի կարգավորման ինչ-որ «պլան» է բերում, ու գնա՜ց աղմուկը ինտերնետային անծայրածիր տափաստաններում:
Ի՞նչն էր հետաքրքիր: Այդ հուզական բռնկման բոցերը լիովին կլանում էին ոչ միայն սովորական օգտատերերի, այլեւ քիչ թե շատ նկատելի հասարակական, քաղաքական տարբեր դեմքերի, որոնք սկսում էին դեմքի լուրջ արտահայտությամբ ինչ-ինչ դատողություններ ու հայտարարություններ անել՝ է՛լ ավելի բորբոքելով տրամադրությունները: Ցավալի է, բայց սթափ, կշռադատված, քիչ թե շատ հիմնավորված հակադարձումները սկզբում մի տեսակ «խորտակվում էին» այդ զգացմունքային արձագանքների հորձանուտում:

 


Քավ լիցի, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ երեկ արդեն այդ «բռնկումը» աստիճանաբար սկսեց մարել: Թերեւս մինչեւ հաջորդ «բռնկում»: Փորձենք, ինչպես ասվում է, թացը չորից զատել:
Այն, որ մեր հասարակության մեջ նման ընդգրկուն ու ընդգծված դիրքորոշում կա՝ «ոչ մի թիզ հող թշնամուն», ինչ խոսք, միանգամայն դրական է: Հենց այդ համոզմունքն ու տրամադրվածությունն է, որ օգնեցին, հետագայում էլ օգնելու են մեզ դիմակայել բացահայտորեն մեր երկրի վրա «աչք դրած» ու, ըստ ամենայնի, որոշակի շեղում ունեցող թշնամուն (նկատի ունենք Ալիեւի վերջին հայտարարությունը, թե Հայաստանն ադրբեջանական հող է եւ մյուս ցնդաբանությունները):
Բայց, մյուս կողմից, դժվար չէ նկատել, որ ինչ-ինչ շրջանակներ ուղղակիորեն խաղում են մարդկանց հայրենասիրական մղումների, տրամադրությունների վրա՝ ցանկանալով լուծել որոշակի խնդիրներ: Ու հարցը միայն իշխանությունների կամ որեւէ պաշտոնյայի դեմ սլաքներ ուղղելը չէ: Դա, թերեւս, որպես զուգահեռ նպատակ: Նրանց հիմնական նպատակադրումը, կարծում ենք, հենց հասարակության մեջ, այսպես ասած, «ցեց գցելն է»:

 


Չնայած նման «ցեցերը» կարծես մեզ «չեն վերցնում»: Պարզ ասած՝ հասարակության մեծամասնությունը այս տարիներին նմանօրինակ ապակողմնորոշող դրսեւորումների հանդեպ որոշակի իմունիտետ է ձեռք բերել: Բայց, ամեն դեպքում, մանավանդ նման լարված իրավիճակներում արժե շատ ավելի զգոն լինել, եւ առաջինը, ինչ չի կարելի անել, հույզերին տրվելն է:
Ի վերջո, եթե երկու տնային տնտեսուհի, որ իրենց օրում երբեք ո՛չ դիրք են տեսել, ո՛չ հենակետ, ոչ էլ խոհանոցային դանակից բացի որեւէ այլ զենք են բռնել, սկսում են մարտական գործողությունների ու դրանց մանրամասների մասին «վա՜յ, ախչի, բա իմացա՞ր...» տարբերակով դատողություններ անել, դեռ մի կերպ կարելի է դիմանալ: Երբ այդօրինակ «մտքի գոհարները» հայտնվում են համացանցային լրահոսում, դժվար է դիմանալ, բայց մահացու չէ:
Սակայն երբ արդեն նման «տեղեկությունների» վրա որոշ «փորձագետներ» սկսում են խորիմաստ դատողություններ անել, դա արդեն ոչ միայն դիմանալու չէ, այլեւ ուղղակի վտանգավոր է:
Ու քիչ է մնում անընդհատ կրկնես՝ լրջացե՛ք, ի վերջո, պատերազմ է, թողեք ձեր բարդույթավոր կապրիզները:

 


Մեկ այլ, ինչ-որ տեղ նախորդին աղերսվող դրսեւորում: Այն, որ այս օրերին, հասկանալի պատճառներով եւ իրողություններով պայմանավորված (բազմիցս անդրադարձել ենք, նաեւ մեր հստակ դիրքորոշումն արտահայտել, ուստի՝ չկրկնենք), մեր հասարակության մեջ բացասական վերաբերմունք կա վերջին տարիներին Ադրբեջանին ծանր սպառազինություն վաճառելու Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ, ակնհայտ է: Այն, որ այդ դժգոհությունը նաեւ բողոքի ցույցերով ու նման ակցիաներով եւս պետք է «տեղ հասցվեր», կարծում ենք, երկար-բարակ քննարկելու հարց չէ:
Բայց նմանապես կանխատեսելի էր, որ միանգամայն որոշակի անձինք ու շրջանակներ փորձելու են «խաղալ» նաեւ դրա վրա ու կարծելով, թե իրենց աստեղային պահն է, նաեւ հակառուսական տրամադրություններ էին շրջանառելու: Այնպես չէ, որ նրանց նման դիրքորոշումը նոր մի բան է, պարզապես տրամադրությունների վրա խաղալով «ալիքի» տպավորություն թողնելու հույսեր են միգուցե փայփայում:

 


Այնինչ դա բավական վտանգավոր եւ անհեռատես դրսեւորում է: Ամենից առաջ սխալ է դժգոհությունն ուղղորդել այս կամ այն ազգի դեմ, այն դեպքում, երբ գործ ունենք կոնկրետ պետական կառույցի մոտեցման ու դրան վերաբերող դժգոհության հետ: Երկրորդ՝ «տաքացած» կոչերը ավելի շատ բզին բռունցքով խփելու հետեւանք կարող են ունենալ:
Ասել կուզի՝ պետք չէ մի ծայրահեղությունից ընկնել մեկ այլ ծայրահեղության մեջ, ապա սկսել «հերոսաբար» պայքարել դրա հետեւանքների դեմ:


Ա.ՀԱԿՈԲՅԱՆ