Մոտավորապես երկու ամիս առաջ տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումները բավականաչափ զինաթափ են արել քաղաքական կառույցներին: 2017 թվականին շատ ժամանակ չի մնացել, սակայն ուժերը ունեն բավականին մեծ անելիքներ այս կարճ ժամանակահատվածում: Ակնհայտ է, որ նախ և առաջ քաղաքական կառույցները խնդիր ունեն մոբիլիզացնել ռեսուրսներն ու նոր մարտավարությամբ աշխատել էլեկտորատի հետ, քանի որ անցումը դեպի պառլամենտական համակարգին փոխել է նաև «խաղի կանոնները»:

 


ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հնչեցրել առ այն, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն դաշինքով: Բագրատյանի խոսքով, եթե հաջողվի կոալիցիա ստեղծել, ապա բոլորը ձայն են տալու այս միավորմանն ու հաղթելու են պառլամենտական ընտրությունների ժամանակ: Բագրատյանը նաև հետաքրքիր եղանակ է առաջարկել, որը որոշակիորեն մեղմելու է հնարավոր տարաձայնություններն ընթացիկ հարցերի վերաբերյալ: Նա առաջարկել է վիճակահանությամբ որոշել ցուցակի հաջորդականությունը, իսկ քարոզարշավի ծախսը բախշել հավասարապես:
Ընդհանուր առմամբ համաձայն եմ Բագրատյանի հետ: Ճիշտ է դժվարանում եմ հստակ կանխատեսումներ անել, թե այս մոդելն ինչպե՞ս կաշխատի մեր քաղաքական իրականության մեջ, կլինե՞ն տարաձայնություններ թե ոչ, բայց մի բան հստակ է:

 


Ըստ էության ընդդիմությունը Հայաստանում փոշիացել է: Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը նոր ուժեր են ստեղծել, սակայն նրանց կառույցները դեռ սաղմանյին փուլում են: Պարզ չէ 2017 թվականին ընդառաջ մրցակցային առումով ինչ թափ հավաքած կլինեն: Անկախ այն հանգամանքից , թե ինչ է հանրությունը մտածում այս կամ այն ուժի մասին, այնուամենայնիվ կան անհատներ, որոնց ներուժն ու փորձը կարևոր է ու պետք է ընդդիմադիր մեծ դաշինքի ներքո հավաքվել ու գնալ ընտրություններին:
Պայմաններն ու հրամայականները փոխվել են և շատ ուժեր միայնակ հանդես գալու պարագայում, պարզապես դուրս կմնան լուսանցքից: Միասնականությունը բոլոր դեպքերում լրացուցիչ անգամ աջակցելու է ընդդիմությանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

 

 

Ժոռա Խաչատրյան