Հերթական ընտրական գործընթացը (իսկ հանրաքվեն ընտրության տեսակ է) ավարտվեց: Ինչ ունենք այսօր. մի կողմից հաղթած «Այո», ում աջակցում էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, մյուս կողմից՝ պարտված «Ոչ»՝ ում աջակցում էին ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, «Սեֆիլյան»-ի խումբը ու մի բավական մեծ պրոտեստային տրամադրված հասարակական «զանգված»: Ինչպես և կանխատեսելի էր, այսօր՝ հետընտրական գործընթացներում «Ոչ»-ի ճամբարը մեղադրում է «Այո»-ի թիմին հանրաքվեն էական խախտումներով անցկացնելու մեջ՝ պնդելով, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են: Դա մերօրյա քաղաքական պատմության ընտրական գործընթացների վերաբերյալ պարտվող կողմի մշտական մոտեցումն է արդեն մոտ 24 տարի:

 


Փորձելով զերծ մնալ «ապոկալիպտիկ» կամ «քաղաքական ռոմանտիզմին» բնորոշ սուբյեկտիվ ձևակերպումներից՝ հարկ է առավել օբյեկտիվ տեսանկյունից դիտարկել ձևավորված իրավիճակը: Ուստի փորձենք այս առթիվ առնվազն մի քանի դիտարկում/հարցադրում կատարել.
1. Նախորդ 24 տարվա մեջ ՀՀ-ում տեղի ունեցած ընտրական գրեթե բոլոր գործընթացներում օրենքի խախտումներ եղել են: Դա փաստ է: Սակայն տարբեր տարիներին, տարբեր ընտրական գործընթացներում տեղ գտած շեղումների միջև առկա հիմնական տարբերությունը նրանում է, թե ինչպիսի՞ն է եղել դրանց արձանագրված ծավալը/քանակը, ի՞նչ բնույթ են դրանք ունեցել և ամենակարևորը՝ որքանո՞վ են դրանք ունակ եղել ազդել ընտրական գործընթացի վերջարդյունքների վրա: Հանրաքվեի վերաբերյալ «կեղծման հարցադրումներ» ընդդիմադիր ուժերի կողմից նույնպես հնչեցվում են: Սակայն վերոնշյալի մասով կարծես թե «մեղադրող» կողմերից և ոչ մեկը ունակ չէ տրամաբանորեն ու օրենքով հիմնավորված ինչ-որ դիտարկումներ, փաստեր, տեսանելի ապացույցներ բերել: Եթե հարցին մոտենանք քաղաքական իրատեսականության և կազմակերպչական գրագիտության տեսանկյունից, ապա այդօրինակ ապացույցներ բերելը իրականում հեշտ գործ չէ:

 


Հրապարակայնորեն արձանագրված մի շարք խախտումների մասով, երբ առկա են տեսանյութեր, կամ ասենք ձայնագրություններ (որոնք ապացուցելի են), մեղադրական մոտեցումների հիմնավորվածության բաղադրիչը ինչ-որ չափով առավել մեծ է: Սակայն «հիմնական ընտրակեղծիքներ»-ի մասով ներկայացված մեղադրանքների ապացուցելիությունը՝ բավական թույլ: Դրանք հիմնականում մեղադրանքեր են, որոնք բխում են ինչ-որ լուրերից, բամբասանքերից, մեկնաբանություններից, այնպիսի փաստերից, որոնց գոյությունը դժվար ապացուցելի է:
Վերջիվերջո օրենքի տեսանկյունից կարևորը այն չէ, ինչ տեղի է ունեցել, կարևորը այն է, թե որքանով դուք դա կարող եք ապացուցել:

 


2. «Ոչ»-ի կողմնակիցները, ովքեր ՀՀ-ում սովորաբար ընդդիմադիր ուժերն են, ՀՀ-ի ամեն ընտրության արդյունքում հայտարարում են, թե ընտրությունները/հանրաքվեները կեղծված են: Ենթադրելի էր, որ այս անգամ էլ այդպես պետք է հայտարարվեր: Հետևաբար տրամաբանական հարց է ծագում, ինչու՞ նրանք ամեն հաջորդ ընտրության առավել լավ ու կազմակերպված չեն գործում, որ ընտրական գործընթացների կեղծման ցանկացած փորձի դիմագրավեն. ասենք ոչ բոլոր տեղամասերում դիտորդներ ունեն, դիտորդների մի մասը վստահելի չեն, զլմ-ների հետ արդյունավետ չենք աշխատում և այլ:
3. Ձևավորված իրավիճակը արձանագրեց, որ երկրում նախկին ընտրություններում պրոտեստային քվեարկած քաղաքացիների քանակը ամենևին չի նվազել, ավելին, միգուցե և ավելացել է: Սակայն նրանք պասիվ են, ու ոչ համակարգված, չեն ասոցացնում սեփական մոտեցումները ընդդիմադիր դաշտի և ոչ մի ներկայացուցչի հետ: Սա մի կողմից աբսետեիզմի է հանգեցնում, մյուս կողմից՝ մարգինալության: Մարդիկ, քաղաքացիները այս պարագայում կամ՝ կարող են ինքնամեկուսացվել՝ ընդհուպ մինչև լքելով երկիրը, կամ՝ իրենց մոտեցումները փորձել իրողություն դարձնել ոչ քաղաքական, հաճախ նաև ոչ օրինական դաշտերում: Իսկ սա բավական վտանգավոր հանգամանք է:

 


4. Ինչ ունենք այսօր. ունենք Նոր սահմանադրություն, որը ենթադրում է խորհրդարական կառավարման ձև, ուստի՝ կուսակցությունների տրամաբանական խոշորացում, 2017-ի ընտրություններում իշխանության համար առավել սուր մրցակցություն, քաղաքական մասնակցության ենթադրելի առավել մեծ չափեր:
Մի հանգամաքն էլ կարծում եմ կարևոր է նշել. քաղաքակյան խաղի կանոնները այսօր փոխվել են, բայց դա չի նշանակում, թե քաղաքական ուժերը ՀՀ-ում չեն կարող լուծել իրենց առջև դրված խնդիրըները: Հենց այդ պատճառով նրանք պետք է կարողանան հաշվի առնել իրենց՝ մոտ քսան տարվա սայթաքումների ու անհաջողությունների հիմնապատճառները. իսկ դա հավանաբար միայն մրցակից կուսակցությունների առկայության հանգամանքը չէր: Խնդիրների աղբյուրը պետք է փնտրել սեփական քայլերում: Թերևս դեռ այսքանը:

 

Ալեն Ղևոնդյան