Նախօրեին կառավարությունը իր հերթական նիստին մի շարք որոշումներ ընդունեց, որոնք ուղղված են բնակչության բնակարանային խնդիրների լուծմանը:

 

Մասնավորապես՝ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 1 հանրակացարանային մասնաշենքում բնակվող 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած երեք ընտանիքներին թույլատրվեց սահմանված կարգով սեփականաշնորհել զբաղեցրած բնակելի տարածքները: Որոշում կայացվեց նաև բավարարել Երևան քաղաքի Մոլդովական, Շիրակի, Վարդաշեն 6-րդ փողոցի հանրակացարանային մասնաշենքերում բնակվող 11 քաղաքացիների խնդրանքը՝ նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:


Մեկ ուրիշ որոշմամբ Գյումրի քաղաքի Երկաթուղայինների փողոցի 62 հասցեում գտնվող վարչական շենքը բնակելի շինության վերափոխելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ. նոյեմբերի 1-ը, շինարարական աշխատանքները չավարտելու պատճառով: Նշված շենքում բնակություն կհաստատեն 7 ընտանիքի 30 անդամներ:

 

Կառավարությունը հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշումով Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման հնարավորություն է ստեղծել, որով կբարձրանա տարածաշրջանի համայնքների անասնաբուժական ծառայությունների մատուցման արդյունավետությունը: Փաստ է, որ նշված համայնքներում բնակչության եկամուտների հիմնական աղբյուրը ձևավորվում է անասնապահությունից: Որոշումը կնպաստի անասնապահության զարգացման խթանմանը:

 

Որոշում է կայացվել զոհված զինծառայող Զորիկ Գևորգյանի ընտանիքին բնակարան ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացնել 4.000.0 հազար դրամ:
Կարգավորման թիրախում են սոցիալապես խոցելի խմբերի բնակարանային, կենցաղային պայմանների բարելավումը:

 

Արմեն Վարդանյան