Որոշ մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին Էրդողանի կողմից Բաշթեփեի իր նստավայրում կազմակերպած պատմաբանների հավաքից, որի հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերի, Թուրքիայի հակաքայլերի ու Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ թուրքական կողմի նոր մոտեցումների հստակեցումն էր:

 

Էրդողանը պատմաբանների հետ մանրամասն քննարկել է Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերը, լսել պատմաբաններին ու գրառումներ կատարել: Էրդողանի կողմից հիմնական հարցադրումը եղել է այն, թե «հայկական պնդումների դեմ ինչպիսի նոր քայլեր կարող են արվել»:

 

Էրդողանն իր խոսքում քննադատել է Թուրքիայի նախկին նախագահ Ա. Գյուլին Երևան կատարած այցելության համար' նշելով, որ այդ այցի նպատակը երկու երկրների հարաբերություններում «իրավիճակի հանդարտեցումն» էր, սակայն դրանով հայկական կողմին շահող խաղաթուղթ տրվեց, որից Թուրքիան շահեկան չի կարող դուրս գալ:

 

Էրդողանը նշել է, որ ինքն անձամբ հավանություն չի տվել Գյուլի' Հայաստան այցելությանը:

 

Լևոն Հովսեփյան