Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 58-րդն է 143 երկրների մեջ, նախորդ տարվա համեմատությամբ բարելավելով իր դիրքերը 7 տեղով:


Այս ցուցանիշն է հրապարակել Համաշխարհային տնտեսական ֆորումի գործընկեր <Տնտեսություն եւ արժեքներ> կենտրոնը, հիմք ընդունելով Համաշխարհային տնտեսական ֆորումի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 2015-ի զեկույցը: Զեկույցը ցույց է տալիս երկրների տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու եւ դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը:


Ըստ զեկույցի, մեր երկրի առավելություններն են' հեռախոսային կապի եւ ինտերնետի ոլորտում մրցակցությունը' 1-ին տեղ, ձեռնարկությունների հիմնման գործընթացը' 3-րդ տեղ, ձեռնարկության հիմնման տեւողությունը' 8-րդ տեղ, լայնաշերտ ինտեներտի սակագները' 37-րդ տեղ, կառավարության էլեկտրոնային ծառայությունները' 43-րդ տեղ, էլեկտրոնային մասնակցության ցուցիչը' 59-րդ տեղ:


Հայաստանի թերություններն են' պայմանագրերի կիրարկման գործընթացները' 137-րդ տեղ, առաջատար տեխնոլոգիաների պետական գնումները' 120-րդ տեղ, աշխատակազմի վերապատրաստման մակարդակը' 118-րդ տեղ, կառավարման դպրոցների որակը' 116-րդ տեղ, ընկերությունների կողմից տեխնոլոգիաների յուրացումը' 113-րդ տեղ, դատաիրավական համակարգի անկախությունը' 107-րդ տեղ:

 

 

Անահիտ Գրիգորյան