Փոքր ժամանակ մեզ ասում էին, որ կախարդական բառ գոյություն ունի. այն է՝ «խնդրում եմ»-ը: Տարիներն անցան ու համոզվեցինք, որ դա ընդամենը հեքիաթ էր, ու այդ բառերը երբևէ ոչ մի խնդիր էլ չլուծեցին:
Հետո էլ դաժան իրականությունը մեզ ստիպեց ընդհանրապես մոռանալ այդ բառերը ու երբեք ոչ մեկին ոչինչ չխնդրել, հետո նաև հասկացանք, որ, մոռանալով այդ բառերը, մենք նաև մոռացանք նրանց լսելը: Ոչ խնդրում էինք, ոչ լսում խնդրանքները: Շատերին ցավեցրինք, շատերին կորցրինք ու շատ բաներ թողեցինք կիսատ...


Հիմա ես հասկանում եմ, որ իրականում կա կախարդական բառ: Դա ներողությունն է: Շատ եմ մտածել այս ուղղությամբ ու զգացել, որ անիմաստ փառամոլությունը և շինծու հպարտությունը հաճախ խանգարում են ներողամտության հայցմանը:Իհարկե ներող մարդիկ ներողություն բառին չեն սպասում, բայց իրականում այդ բառը կախարդական ուժ ունի: Հաճախ հենց այս մի բառով կարող եք անգամ կյանքեր փրկել: Միշտ չի, որ մենք ճիշտ ենք' ինչքան էլ, որ հակառակում համոզված լինենք: ժամանակ գտեք ետ նայելու, Ձեր շուրջը նայելու և կզգաք, թե որքան է ձեզ պետք գալու այդ կախարդական բառը:

 

 

Գարիկ Պետրոսյան