Ով չգիտի, որ բիզնեսում գործադիր տնօրենն ու գլխավոր հաշվապահը հլու հնազանդ կատարում են սեփականատիրոջ ցուցումները?: Անգամ փաստաթղթային կեղծարարություններն ու հարկերը շրջանցելը ևս կատարվում է տիրոջ դաբրոյով և իմացությամբ: Ով է գլխից ձեռք քաշել, որ այլ կերպ վարվի: Իմիջիայլոց նմանատիպ գործունեության դեպքում էլ աշխատողների աշխատավարձը մնում է նույնը' քարը տրաքի մի քանի կոպեկ ավել բոնուս է ավելանում: Նման օլիգարխ սեփականատերերի թուրը աջ ու ձախ է կտրում... բայց արի ու տես, որ մի գեղեցիկ օր, երբ օլիգարխը հայտնվում է սև ցուցակում, հարկայինի պինդ տղերքը հայտնվում են հենց այն գրասենյակում, որտեղ օր ու գիշեր տքնում էին տնօրենն ու հաշվապահը: Կարող եք գուշակել, թե ով է հայտնվում դռբի տակ? Համենայնդեպս ոչ օլիգարխը: Վերջին ամսվա ընթացքում նմանատիպ երրորդ պատմությունն եմ լսում ու իրոք կարեկցում կրակն ընկածներին: Հերիք չի օլիգարխը ձեռքերը լվացել է, հերիք չի նրանք կորցնում են աշխատանքը, մի հատ էլ վարչական, գուցեև քրեական պատասխանատվության առաջ են կանգնում:
Հիշեք, մեր օրենքները. որևէ տնտեսվարողի հնարավորություն չեն տալիս մաքուր հաշվապահությամբ աշխատելու և շահույթ ստանալու: Դրա համար էլ բացառապես բոլոր տնտեսվարողները աշխատում են սև հաշվապահությամբ: Այդ մասին փայլուն գիտեն հարկայինի աշխատակիցները և հարմար պահի, կամ համապատասխան կարգադրության դեպքում' յուրաքանչյուր տնտեսվարողի կարելի է ցցի հանել: Նույնն էլ կամակատար գործադիրներն են: Աշխատանք ունենալու համար նրանք հաճախ վերևի ցուցումով շրջանցում են օրենքը, իսկ հենց գալիս է պատասխանելու պահը, դառնում են էշ նահատակ, քանի որ փաստաթղթերի վրա առկա են միայն նրանց, այլ ոչ իրական մեղավորի ստորագրությունները:
Գարիկ Պետրոսյան