Թացն ու չորն իրարից չտարբերելը մեր հասարակությանը դարձնում է խոցելի՝ հեշտ կառավարվելու տեսանկյունից: Այն, ինչ տեղի ունեցավ Բերձորում, երբեք չի կարելի դիտարկել հայաստանցի-ղարաբաղցի տիրույթում՝ դրա տակ հասկանալով ժողովուրդներ, քանի որ այդ դեպքում մենք մեր կարճ խելքով անում ենք այն, ինչը ցանկանում են ռուսը, ամերիկացին, եվրոպացին, թուրքը, ադրբեջանցին (դրանց իշխանությունները): Մենք բոլորս հայ ենք: Պարզապես, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ունենք ապապետական իշխանություններ, որոնք սերտաճած են ու ոչինչ առանց մեկը մյուսի համաձայնության չեն անում: Այս պարագայում, այո, կուժ-կուլան թափվում է ոստիկանների վրա, բայց եկենք հասկանանք, որ ոստիկանի էությունն է ռոբոտի պես կատարել այն, ինչ հրաման իջեցվում է վերևից: Սա միայն հայաստանյան իրականություն չէ: Օրինակ Շվեդիայում, որը համարվում է ժողովրդավարական երկիր, ոստիկանները շատ ավելի դաժանորեն կարող են ծեծել, մի տարբերությամբ՝ Հայաստանում իշխանությունը կարող է հրահանգել ջարդել մարդկանց անգամ խաղաղ երթերի ժամանակ, ու դա սովորաբար արվում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր իշխանական վերահսկողության տակից դուրս են և թաքնված հրաման չեն կատարում, մինչդեռ նույն Շվեդիայում կարող են ջարդել, երբ ցույցը կամ երթն անցնում են օրենքով սահմանված թույլտվությունների սահմանը (նկարը ստորև): Չկարծեք, որ սրանով արդարացնում եմ ոստիկանների արաքը, բայց նաև պիտի ընդունել, որ դա չեն անում սեփական նախաձեռնությամբ, այլ հրամանով: Հիշեք, որ արտաքին խաղացողներին, ովքեր Անդրկովկասը (որովհետև Հարավային Կովկաս աշխարհագրական տարածք իրականում գոյություն չունի) դիտում են որպես ազդեցության գոտի, ձեռնտու է, որպեսզի իշխանությունները լինեն ոչ լեգիտիմ ու ժողովրդի կողմից չընդունված, քանի որ այդպիսի իշխանությունը շատ ավելի հնազանդ է, խելոք կատարում է իր <<պապաների>> հրամանները, պետականակենտրոն հայացքներ չի կարող դրսևորել և, հետևաբար, հեշտ կառավարվելի է: Այդպիսի իշխանությամբ երկրներում սադրանքներով անկայունություն ստեղծելը գործակալների համար օրերի խնդիր է: Դադարեք Հայաստանի ու Արցախի միջև սեպ խրելու դրսին ձեռնտու ձեր անգիտակցված մոտեցումներն ու տեսակետները: Սերտաճած, նույն քրեաօլիգարխիկ տաշտակից սնվող, դրսից կառավարվող իշխանության ապօրինությունները մի վերագրեք ժողովրդին ու սեփական ձեռքերով անդունդը, որում կախված եք, մի խորացրեք: Սառը դատեք՝ հիշելով, որ ձեր հավաքականության չկայացման գլխավոր պատճառներից մեկը ձեր անգիտակցված պառակտումներն են ու անբովանդակ չկշռադատված սեպային մտածողությունը, որը ի դեպ զարթնում է մի պահ, որպես կուտակված էներգիա և ապա մարում վիրտուալ, բոցաշունչ, առյուծանման քոմենթների տեսքով: Իշխանության անգործությունը նախ և առաջ իմ ու ձեր թուլությունն է, մարդիկ:

 

 

 

Տիգրան Հարությունյան