Կեսարիայի հույն մետրոպոլիտ Մարկոսը սաստիկ հայատյաց էր: Նա նույնիսկ իր շան անունը Արմեն էր դրել: Հայոց Գագիկ արքան լսել էր այդ մասին եւ խիստ զայրացել: Մի օր նա գալիս է Կեսարիա ու ցանկություն հայտնում իջևանել մետրոպոլիտի մոտ: Մարկոսը' լսելով այդ, հրամայում իր ամբողջ տունը զարդարել, ապա ընդառաջ է գնում Գագիկին ու մեծ պատիվներով նրան բերում, տեղավորում իր տանը:
Ճաշկերույթի ժամանակ Գագիկը դիմում է Մարկոսին. «Լսել եմ, որ դու մի զորեղ շուն ունես ուզում եմ տեսնել նրան»: Մարկոսը հասկանում է, որ գլխին փորձանք է գալու, և չլսելու է տալիս արքայի պահանջը: Գագիկը կրկնում է ասածը, ստիպված կանչում են շանը, բայց' առանց անունը տալու: Բնականաբար, շունը չի գալիս:

 

 


«Անունը տվեք, որ գա»,- խորամանկ ժպիտով հուշում է արքան: Ի վերջո, Մարկոսը գինու ազդեցության տակ կանչում է. «Արմեն, Արմեն»: Ներս է մտնում առյուծանման մի շուն: «Այս շան անունն Արմե՞ն է»,- հարցնում է արքան: «Քաջ է ու ամեհի, դրա համար էլ Արմեն ենք ասում»,- փորձում է ելք գտնել Մարկոսը: «Հիմա կտեսնենք, թե ով է քաջ' Արմե՞նը, թե՞ Հռոմը»,- վրա է բերում Գագիկը:
Նրա թիկնապահները պատրաստել էին մի պարկ, և արքայի ազդանշանով շանը խոթում են դրա մեջ:

 

 

Մարկոսը, կարծելով, թե շանն ուզում են իրենից խլել, զայրանում ու սկսում է գոռգոռալ թիկանապահների վրա: Բայց վերջիններս բռնում են մետրոպոլիտին ու զոռով խցկում այնտեղ, որտեղ նրա շունն էր: Հետո Գագիկի հրամանով սկսում են դրսից փայտով խփել շանը: Պատմիչ Մատթեոս Ուռհայեցին գրում է. «Ատամների կռճտոց ու սրտի հառաչ էր դուրս գալիս պարկից, այսպիսի տանջանքներով սատակեց չար և պիղծ անարգիչը' դառնալով շան ճարակ: Այնուհետև Գագիկը հրամայեց ավարի մատնել Մարկոսի տունը»:

 

 

Հովիկ Չարխչյան