Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրումից հետո մեր երկրի համար շարունակում է կարևոր մնալ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը: ԵՄ-ն նույնպես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների պահպանմամբ և զարգացմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները լարված են:


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշել է, որ ԵՄ-Հայաստան «նոր» հարաբերություններում ելակետ կդառնան Վիլնյուսում ձեռք բերված համաձայնությունները, իսկ Հայաստանի' ԵՏՄ-ին անդամակցությունը վստահության դիֆիցիտ չի առաջացնի:


Նրա խոսքով' ԵՄ-ն պատրաստ է Հայստանի հետ քննարկումներ անցկացնել իրավական նոր փաստաթղթային և կարգավորման նոր բազայի ձևավորման ուղղությամբ' հաշվի առնելով ու հարգելով սեպտեմբերի 3-ին Հայաստանի ստանձնած նոր հանձնառությունները:


Նա շեշտել է նաև, որ Հայաստանը և Եվրամիությունը պատրաստակամ են շարունակելու հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում' հիմնվելով միասնական արժեքային համակարգի վրա:


Փաստորեն, դեսպան Տրայան Հրիսթեայի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն շահագրգռված է ու ամեն ինչ անելու է, որ Հայաստանի հետ համագործակցությունը շարունական լինի:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության արդյունավետության հարցին, դեսպան Տրայան Հրիսթեան նշել է. «Մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին, որպեսզի լիովին մասնակցեն Արևելյան գործընկերության բոլոր ձևաչափերին և բազմակողմ հարթակներին ու միջոցառումներին»: Դեսպան Հրիսթեան նաև հույս է հայտնել, որ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը նոր փուլ կբացի ԵՄ-ի և նրա գործընկերների' այդ թվում նաև Հայաստանի համար թե քաղաքական երկխոսության, թե գործնական կատարման տեսանկյունից:


Հիշեցնենք, որ 2015թ-ի մայիսին Ռիգայում կկայանա Արևելյան գործընկերության Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որը նոր մեկնարկ կհանդիսանա Հայաստան-ԵՄ հարաբերություններում և նոր համագործակցության ձևաչափի մշակման հարցում:

 

 

Նարեկ Պողոսյան